11 օգոստոսի 2011 - 22:53 AMT
ԿԱՐԾԻՔ
Գեորգիվանյանությունը որպես ծախու Այլընտրանքի ախտանիշ

Վերջապես ինչ-որ մեկին Հայաստանում մտահոգեցին «Հարավկովկասյան ինտեգրացիա. Այլընտրանքային մեկնարկ» «հասարակական կազմակերպության» ղեկավար Գեորգի Վանյանի հայտարարությունները, որը տարիներ շարունակ բոլորի աչքի առաջ անպատիժ զբաղվում է միայն մեկ բանով`դավաճանում է հայրենիքին: «Չենք լռելու» երիտասարդական նախաձեռնությունը կոչ է արել ազգային անվտանգության մարմիններին քրեական գործ հարուցել Գեորգի Վանյանի դեմ: «Տականքներ, որոնք հանուն փողի պատրաստ են ծախել սեփական մորը, ամեն տեղ էլ կան, բայց Վանյանն արդեն անցել է թույլատրվածի բոլոր սահմանները: Ներկայանալով Հայաստանի քաղաքացիական հասարակության անունից` նա արդեն տևական ժամանակ ապահովում է ադրբեջանական հակահայկական քարոզչության հենասյունը Հայաստանում` տարբեր եվրոպական կառույցներում հայտարարելով, թե Հայաստանը օկուպացրել է Ադրբեջանի տարածքները», այսպես է բնութագրում նախաձեռնությունը Վանյանի գործունեությունը: «Չենք լռելու»-ի համբերության բաժակը լցրել է նրա վերջին հարցազրույցը ադրբեջանական լրատվամիջոցներին, որում «խաղաղարարը» կոչ է անում Հայաստանի իշխանություններին հրաժարվել ազատագրված տարածքներից: Բանն այն է, որ նմանատիպ հայտարարությունները հնարավորություն են տալիս ադրբեջանցիներին հղում կատարելու «հայ հասարակական գործչի» կարծիքի վրա և օգտագործելու այն իրենց ապատեղեկատվության մեջ:

Նշենք, որ լռել չցանկացող երիտասարդությունը բացառություն հանդիսացավ, քանի որ տարիներ շարունակ Վանյանին կարծես ամեն ինչ ներվում էր` և ադրբեջանամետ գործունեությունը, և ելույթները, որոնց համար որոշ երկրներում բարձրագույն պատիժ է սահմանված, ինչպես պետական դավաճանության համար, և չափազանց կասկածելի «մշակութային» միջոցառումների կազմակերպումը:

Զուր չէ, որ «Չենք լռելու» երիտասարդական նախաձեռնության անդամները ենթադրում են, որ Գեորգի Վանյանը կապ ունի Ադրբեջանի հատուկ ծառայությունների հետ և ազնվորեն հատուցում է ադրբեջանական «նավթադոլարնմերի» համար: Չկա մեկ այլ գեթ մի փոքր տրամաբանական պատճառ, որը կարող էր դրդել բանական մարդուն գովաբանել հակառակորդին և վատաբանել սեփական Հայրենիքը: Ուստի, հայ երիտասարդության պահանջը Վանյանի դեմ քրեական գործ հարուցելու վերաբերյալ միանգամայն արդարացի է, չնայած նրան, որ ըստ ՀՀ Քրեական օրենսգրքի 229 հոդվածի 1-ին կետի պետական դավաճանությունը պատժվում է ընդամենը 10-15 տարվա ազատազրկմամբ:

Այլ հարց է, թե ուր են նայում հայկական հատուկ ծառայությունները, թույլ տալով Վանյանին, ընդ որովում միանգամայն բացահայտ կերպով, զբաղվել հակահայկական և առավել ևս ադրբեջանամետ գործունեությամբ:

Ավելորդ չի լինի հիշեցնել, որ Հայաստանի Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակն արձագանքեց «Չենք լռելու» երիտասարդական նախաձեռնության կողմից Ազգային անվտանգության ծառայությանն ուղղված` «Խաղաղարար նախաձեռնությունների կովկասյան կենտրոն» հասարակական կազմակերպության ղեկավար Գեորգի Վանյանի դեմ քրեական գործ հարուցելու և նախաքննություն սկսելու խնդրանքին` պնդելով, որ նա «իրավունք ունի իր կարծիքը հայտնել»: Սակայն…այստեղ արդեն ազգային անվտանգության մարմինները պետք է պարզեն Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի նման ոչ համարժեք արձագանքի պատճառը, որը մինչև վերջերս աչքի չի ընկել ադրբեջանամետ գործունեությամբ: Մնում է հուսալ, որ սա չի վկայում այն մասին, որ «վանյաններնը» Հայաստանում ավելանում են: «Չենք լռելու»-ի նախաձեռնությունն ողջունելի է, հենց այդ պատճառով PanARMENIAN.Net-ը, որը 2007թ. ի վեր իր հրապարակումներում ոչ մի անգամ չէր հիշատակել Վանյանի անունը, որոշեց անպայման անդրադառնալ հայ երիտասարդության պահանջին:

2007թ. դեկտեմբերի 17-ին հայ բլոգերների մի խումբ օճառի մի քանի կտոր նվիրեց Վանյանին, որն այն ժամանակ «Ադրբեջանի օրեր» էր կազմակերպել Հայաստանում: Նվերը հանձնվեց «գործը հեշտացնելու» մաղթանքով, ինչը, հավանաբար, հաջողվում է:

Մարինա Անանիկյան / PanARMENIAN News