12 օգոստոսի 2011 - 10:59 AMT
Ռոբերտ Հովհաննիսյանն առաջին տեղն է զբաղեցնում մինչև 20 տարեկանների շախմատի աշխարհի առաջնությունում

Հայ գրոսմայստերները շարունակում են վստահ ելույթ ունենալ մինչև 20 տարեկանների շախմատի աշխարհի առաջնությունում, որն ընթանում է հնդկական Չեննայում:

Գրոսմայստեր Ռոբերտ Հովհաննիսյանը 9-րդ տուրում, ոչ մի հնարավորություն չտալով հնդիկ գրոսմայստեր Կոուշիկու Գիրիշիին, հաղթեց նրան սևերով: Հաղթանակը հնարավորություն տվեց Հովհաննիսյանին միանձնյա գլխավորել մրցաշարային աղյուսակը 8 միավորով: Կես միավորով նրանից ետ է մնում մեկ այլ հայ գրոսմայստեր Սամվել Տեր-Սահակյանը, որը սպիտակներով հաղթեց Իվան Լոպես Սալգադոյին (Իսպանիա): Տեր-Սահակայնը բարձրացել է 2-րդ տեղը 7,5 միավորով:

10-րդ տուրում Հովհաննիսյանն ու Տեր-Սահակյանը կխաղան իրար դեմ:

Աղջիկների առաջնությունում 9-րդ տուրը հաջող դասավորվեց նաև հայ շախմատիստուհի Մարիա Գևորգյանի համար: Նա սևերով հաղթեց ավստրալուհի Սավիտրի Նարետրանին և, վաստակելով 4 միավոր, բարձրացավ 42-րդ տեղը: Աղջիկների թվում առաջատարն է Դեյսի Կորին (Պերու) 8 միավորով: