12 օգոստոսի 2011 - 12:53 AMT
Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանը 2011 թվականի առաջին կիսամյակի արդյունքներով արձանագրել է աճ գրեթե բոլոր ֆինանսական ցուցիչների գծով

Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանը հրապարակել է 2011 թվականի առաջին կիսամյակի ամփոփ ֆինանսական արդյունքները: Բանկը արձանագրել է աճ գրեթե բոլոր ֆինանսական ցուցիչների գծով: Հրապարակված շահույթը մինչև հարկումը կազմել է 3.5 միլիարդ ՀՀ դրամ, արձանագրելով 48% աճ` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ:

Ակտիվները աճել են 7% նախորդ տարվա դեկտեմբերի 31-ի համեմատ` կազմելով 155 միլիարդ ՀՀ դրամ: Հաճախորդներին տրված համախառն վարկերը աճել են 6% ` կազմելով 91 միլիարդ ՀՀ դրամ, որից իրավաբանական անձանց տրամադրված վարկերը կազմել են 69 միլիարդ ՀՀ դրամ: Հաճախորդների ավանդները 2011 թվականի հունիսի 30-ի դրությամբ կազմել են 109 միլիարդ ՀՀ դրամ` նախորդ տարեվերջի համեմատ աճելով 4%:

Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանը 2011 թվականի հունվար-հունիս ամիսների արդյունքներով Հայաստանի բանկային համակարգի խոշորագույն հարկատուն է և զբաղեցնում է 14-րդ տեղը Հայաստանի 1000 խոշորագույն հարկատուների ցանկում: Բանկի կողմից վճարած հարկերի ընդհանուր գումարը կազմել է 1 միլիարդ 942 միլիոն դրամ, ինչը 192 % (գրեթե երեք անգամ) ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ընթացքում վճարած հարկերի ծավալից: Ընդ որում, այս տարի Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանի կողմից վճարած ուղղակի հարկերը (շահութահարկ, եկամտահարկ) կազմել են 1.7մլրդ դրամ (աճը` 249 %), ինչը խոշորագույն հարկատուների ցանկում 5-րդ ցուցանիշն է և նախորդ տարվա համեմատ ավելի բարձր եկամտաբերության վկայությունը: