12 օգոստոսի 2011 - 13:51 AMT
«Արմենիա» առագաստանավի անձնակազմի անդամները իրականացրել են իրենց առջև դրված բոլոր խնդիրները

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը և Կիպրոսի Հանրապետության նախագահ Դեմետրիս Խրիստոֆիասը օգոստոսի 11-ին Լիմասոլ քաղաքի նավահանգստում ներկա են գտնվել «Արմենիա» առագաստանավի շուրջերկրյա նավարկության ավարտին նվիրված հանդիսավոր արարողությանը:

Առագաստանավի դիմավորման արարողությունից հետո գիտարշավի ղեկավար Զորի Բալայանը ՀՀ նախագահին զեկուցել է 2009թ. մայիսի 28-ին Վալենսիայից սկիզբ առած և Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 20-ամյակի նախաշեմին ավարտվող շուրջերկրյա ճանապարհորդության մասին:

Զորի Բալայանի խոսքով, Սուրբ Մեսրոպ Մաշտոցի անվան գիտարշավի շրջանակներում «Արմենիա» առագաստանավը, մեկնարկելով Միջերկրական ծովի ջրերից, Ջիբրալթարի նեղուցով կտրել-անցել է Ատլանտյան, Խաղաղ և Հնդկական օվկիանոսները: Գիտարշավի ղեկավարը նշել է, որ անձնակազմի անդամները հինգ մայրցամաքներում, որտեղ դարեր ի վեր ապրել և ապրում են միլիոնավոր մեր հայրենակիցները, իրականացրել են իրենց առջև դրված բոլոր խնդիրները:

Ողջունելով «Արմենիա» առագաստանավի անձնակազմին՝ նախագահ Սերժ Սարգսյանը նշել է, որ ճանապարհորդության մտահղացումն այս երկու տարիների ընթացքում պատվով իրականացվեց գիտարշավի մասնակիցների կողմից:

«Դուք ոչ միայն շուրջերկրյա ճանապարհորդություն եք կատարել, հատել եք երեք օվկիանոս և տասնյակ ծովեր, այլև անցել եք երկրագնդի ամենատարբեր անկյուններում սփռված Սփյուռքի դժվարին ճանապարհներով` Հայրենիքի շունչը հաղորդելով մեր համայնքներին, նորովի իմաստավորելով մեր ինքնության բանաձևը և տարբեր աշխարհամասերում սփռված` մեր մշակույթի կոթողները»,-ընդգծել է նախագահ Սերժ Սարգսյանը:

«Արմենիա» առագաստանավի շուրջերկրյա ճանապարհորդության ավարտին նվիրված հանդիսավոր արարողության ժամանակ Կիպրոսի Հանրապետության նախագահ Դեմետրիս Խրիստոֆիասը, ողջունելով Հայաստանի Հանրապետության նախագահին և գիտարշավի մասնակիցներին, ասել է. «Գրեթե 90 տարի առաջ Օսմանյան Թուրքիայի կողմից իրագործված ցեղասպանության հետևանքով հազարավոր մազապուրծ հայեր եկան Կիպրոս՝ գտնելով այստեղ իրենց ապաստանը: Այդ գաղթականների ժառանգները կազմում են Կիպրոսի հասարակության անբաժանելի մասը՝ միաժամանակ փայփայելով և պահպանելով իրենց արժանապատիվ ծագումը: Մեր հայրենակից հայերն իրենց գործունեությամբ մեր երկու երկրների միջև կապի կարևոր օղակ են հանդիսանում՝ Հայաստանը կիպրացիների սրտի անբաժանելի մասը դարձնելով», հաղորդում է Հայաստանի ղեկավարի մամլո ծառայությունը: