12 օգոստոսի 2011 - 15:44 AMT
ՖՈՏՈՇԱՐՔ
Թումո կենտրոնի բացման միջոցառումներին հնարավոր կլինի հետևել օնլայն

Այսօր կմեկնարկեն Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի բացման միջոցառումները, որոնց մուտքն ազատ է բոլորի համար:

Թումոյի բակում բացօթյա համերգով այսօր և վաղը հանդես կգան «Ռեինկարնացիա» հայկական ռեգի խումբը, ԱՄՆ-ից ժամանած DJ BaxStar-ը էլեկտրոնային երաժշտությամբ, ինչպես նաև երեկոյի ընթացքում երկու անգամ կցուցադրվի 3D արտապատկերում և կանցկացվի հատուկ ինտերակտիվ խաղ շենքի վրա։

Դե իսկ օգոստոսի 14-ին բացման շրջանակներում կկայանա ամերիկահայ երգիչ և երգահան Սերժ Թանկյանի մենահամերգը։ Համերգի բացմանը ելույթ կունենա հայկական «Դորիանս» խումբը։

Ինչպես PanARMENIAN.Net ի թղթակցին տեղեկացրեց Թումո կենտրոնի մամուլի և հասարակայնության հետ կապերի համակարգող Սեդա Պապոյանը, օգոստոսի 12-ին և 13-ին կայանալիք միջոցառումները օնլայն կհեռարձակվեն հենց Թումոյի կայքում։

Սեդա Պապոյանը նաև նշեց, որ կհայտարարվի երեք հեռախոսահամար։ Ներկաները կարող են այդ հեռախոսահամարներին ուղարկել SMS հաղորդագրություններ՝ կիսելով իրենց զգացումները և տպավորությունները։ Ուղարկված հաղորդագրությունները մոդերացիա կանցնեն, ապա կարտապատկերվեն շենքի վրա տեղադրված մեծ էկրանին։

Թումոն ստեղծարար տեխնոլոգիաների յուրատեսակ կրթական կենտրոն է բոլոր այն պատանիների համար, ովքեր հետաքրքրություն ունեն արվեստի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների հանդեպ: Կենտրոնը ստեղծվել է Սիմոնյան կրթական հիմնադրամի նախաձեռնությամբ։ 2 փուլից բաղկացած ծրագրի ընթացքում պատանիները սովորելու և մասնագիտանալու են անիմացիայի, խաղերի ստեղծման, կայքերի մշակման և թվային մեդիայի ոլորտներում։ 1-ին հարկում միաժամանակ կարող է սովորել 500 երեխա, իսկ 2-րդ հարկը, որը ծրագրի 2-րդ փուլի համար է, նախատեսված է կրկին 500 երեխայի համար։

ՖՈՏՈՇԱՐՔ