12 օգոստոսի 2011 - 16:11 AMT
Բաքվում «սրտի ցավով» են ընկալել Իրանի գլխավոր շտաբի պետի խոսքերն Ալիևի մռայլ ապագայի մասին

«Ադրբեջանն իր հարաբերություններն Իրանի հետ կառուցում ու զարգացնում է միշտ հավատարիմ մնալով բարիդրացիության, բարեկամության ու օգտակար համագործակցության սկզբունքներին: Սակայն, հակառակ Իրանի ղեկավարության հայտարարություններին, որոնք հնչեցին նախագահ Ալիևի հետ հանդիպման ժամանակ, Իրանի որոշ շրջանակներ, հավանաբար, վարելով ինչպես Իրանի, այնպես էլ Ադրբեջանի շահերին հակասող քաղաքականություն, բացահայտորեն ցուցադրում են իրենց ստոր մտադրությունները», հայտարարել է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին կապերի բաժնի պետ Նովրուզ Մամեդովը՝ մեկնաբանելով Իրանի Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Սեյեդ Հասան Ֆիրուզաբադիի հայտարարությունները: «Ափսոսանքով և զարմանքով, ինչպես նաև սրտի ցավով ստիպված եմ վերաբերմունք հայտնել նման իրադարձությունների վերաբերյալ»,-հայտարարել է Նովրուզ Մամեդովը: Ըստ նրա, վերջերս Իրանի ԶԼՄ-ների մի մեծ խումբ «իրեն նվիրել է Ադրբեջանի դեմ հակաքարոզչությանը»:

«Ցավոք, երբ հաշվի ենք առնում բոլոր գործոնները, թվում է, թե ոմանք Իրանում ամենևին չեն ցանկանում հասկանալ, որ այլընտրանք Ադրբեջանի հետ բարեկամական կապերին չկա, հակառակ երկու երկրների ղեկավարների հայտարարություններին: Այդ տեսակետից, Ֆիրուզաբադիի հայտարարությունը, որ արվել է երկու օր առաջ, անտրամաբանական է»,-հայտարարել է նա, հաղորդում է «Թրենդը»:

Նախօրեին Իրանի Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Սեյեդ Հասան Ֆիրուզաբադին մեղադրեց Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին Իսրայելի հետ բարեկամական հարաբերություններ ունենալու և հակաիսլամիստական քաղաքականություն վարելու մեջ: «Եթե Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը չփոխի իր քաղաքականությունը իսլամի հարցում, ապա, նրա վախճանը սև ու մռայլ կլինի»,-հայտարարել է Ֆիրուզաբադին: Նա նշել է, որ «Արանի (Ադրբեջանի իրանական անվանումն է-խմբ.) ժողովրդի երակներում պարսկական արյուն է հոսում և նրանց սրտերը լի են իսլամի և Ղուրանի հանդեպ սիրով»: «Հուսով եմ, որ Ալիևը լուրջ ուշադրություն կդարձնի նման հարցերին, որոնք նրա իշխանության հիմքն են կազմում: Իսկ եթե ոչ, ապա նրան մռայլ ապագա է սպասվում, քանի որ հնարավոր չի լինի կասեցնել Արանի ժողովրդի զարթոնքը»,-հավելել է Ֆիրուզաբադին: