12 օգոստոսի 2011 - 17:17 AMT
Վերաքննիչ դատարանը մերժեց սպանված զինվորի գործի կարճումը հանելու հայցը

Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Չիչոյանը մերժել է 2001 թ. Եղեգնաձորի զորամասերից մեկում սպանված Արայիկ Ավետիսյանի գործի կասեցումը հանելու մասին հայցը:

Ավետիսյանի մայրը` Անահիտ Մկրտչյանը դատարանում հայտարարեց, որ իր պահանջը 10 տարի շարունակ անփոփոխ է` պատժել որդուն սպանողին, անցկացնել նոր քննություն: Նա պահանջում էր վերանայել 2009 թվականի փետրվարի 10-ի գործը կասեցնելու մասին քննիչի որոշումը ու հասնել գործի բացահայտման: Գործով հսկիչ- դատախազը Կարեն Հարությունյանն էր, քննիչը` Արմեն Թամրազյանը, որն այս գործով արդեն 19-րդ քննիչն է:

«Տղայիս սպանել են չորս անձի ներկայությամբ 9 քառակուսի մետր տարածության մեջ: 10 տարի է արդեն ասում եմ, որ տղայիս սպանել է գումարտակի հրամանատար Մհեր Ստեփանյանը: Հիմա էլ այդ հրամանատարը պայմանագրային զինծառայող է: Իմ պահանջն է և' դատարանից, և' պաշտպանության նախարարից, և' մեր նախագահից` բռնել հանցագործի ձեռքը», - ասաց Անահիտ Մկրտչյանը` հավելելով, որ մինչև օրս չեն հերքվել իր ներկայացրած 20-էջանոց ապացույցները, որոնց շարքում եղել են նաև վկայություններ:

Հայցի մերժումից հետո Անահիտ Մկրտչյանն ասաց, որ մի քանի ամիս առաջ գործն ուղարկվել է Եվրոպական դատարան, և որ հիմա միայն դա է արդարություն գտնելու իր հույսը: Հայցվորը խիստ վիրավորված էր դատավորի պահվածքից, ով նստած էր կարդացել որոշումը:

2001 թվականին Եղեգնաձորի կայազորի զինվորական դատախազությունում հարուցված քրեական գործը տարիներ շարունակ փոխանցվել է դատարանից նախաքննական մարմնին` նոր քննության: 2003 թվականին վեց տարվա ազատազրկման է դատապարտվել շարքային զինծառայող Կարեն Սարգսյանը, որին վերագրված մեղադրանքը, ըստ Անահիտ Մկրտչյանի, չի հիմնավորվել փաստերով: Զինվորն այնուհետև արդարացվել է:

Ավելի ուշ գործն ուղարկվել է դատախազություն` լրացուցիչ քննության: Տուժող կողմը պնդում էր, որ դատախազությունն անհրաժեշտ գործողություններ չի կատարել` ճշմարտությունը պարզելու համար: Երկու տարի առաջ կասեցվել էր գործի քննությունը: