12 օգոստոսի 2011 - 17:38 AMT
Արցախի ԱԳՆ-ում ընդունել են արտասահմանցի մի խումբ ուսանողների

Օգոստոսի 11-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Վասիլի Աթաջանյանն ընդունեց հետխորհրդային տարածքի և Եվրոպայի տասը երկրներից ժամանած մի խումբ ուսանողների:

Ողջունելով հյուրերին, Վասիլի Աթաջանյանը կարևորեց տարբեր երկրներից երիտասարդության ներկայացուցիչների` ԼՂՀ կատարած այցը Արցախում առկա իրավիճակին ծանոթանալու և նրա մասին հանրային կարծիք ձևավորելու տեսակետից:

Հյուրերի խնդրանքով ԼՂՀ ԱԳ ղեկավարի պաշտոնակատարը անդրադարձավ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության նախապատմությանը, նշելով, որ պաշտոնական Բաքվի մեղքով Արցախի ժողովրդի խաղաղ պահանջները դուրս են մղվել իրավական հունից դեպի ռազմական հակամարտության հարթություն: Ընդսմին, Վասիլի Աթաջանյանը ընդգծեց, որ ԼՂՀ նկատմամբ Ադրբեջանի տարածքային նկրտումնեըը անհիմն են ինչպես պատմական, այնպես էլ` իրավական տեսանկյունից:

ԼՂՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի պաշտոնակատարը նշեց, որ միջազգային ընկերակցությունը պետք է ճանաչի ԼՂՀ փաստացի 20-ամյա անկախությունը: Վասիլի Աթաջանյանը հերթական անգամ հավաստեց ԼՂՀ իշխանությունների հավատարմությունը ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ լուծմանը, ընդգծելով որ բանակցային գործընթացում իրական տեղաշարժը հնարավոր է միայն այն դեպքում, եթե դրան մասնակցեն հակամարտության հիմնական կողմի` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտոնական ներկայացուցիչները:

Հյուրերը շնորհակալություն հայտնեցին ԼՂՀ ԱԳ նախարարի պաշտոնակատարին իրենց հարցերին տրված սպառիչ պատասխանների համար :