12 օգոստոսի 2011 - 18:27 AMT
Կանադայի ԱԳ նախարարը, հնարավոր է, այցելի Հայաստան

Օգոստոսի 11-ին Կանադայում Հայաստանի դեսպան Արմեն Եգանյանը հանդիպել է Կանադայի արտաքին գործերի նախարարության Եվրոպայի և Եվրասիական երկրների հարցերով բյուրոյի գլխավոր տնօրեն Ջոն Քըրի հետ: Ինչպես հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունը, հանդիպմանը ներկա էր նաև նախարարության նույն բյուրոյի Հաստատությունների, քաղաքականության և գործառույթների վարչության պետ Լի Սարտին:

Կողմերը վերահաստատել են երկու երկրների միջև գոյություն ունեցող բարեկամական կապերն ու համագործակցության համար առկա բարենպաստ հիմքերը, կարևորել երկկողմ համագործակցության խթանման և բազմազանեցման անհրաժեշտությունը, մասնավորապես` առևտրա-տնտեսական հարաբերությունների և մշակութային կապերի զարգացումը: Այս համատեքստում ՀՀ դեսպանն ընդգծել է առաջիկայում Կանադայի արտաքին գործերի նախարարի` Հայաստան այցելության կազմակերպման նպատակահարմարությունը: ՀՀ դեսպանը նաև կանադացի պաշտոնյաներին երախտագիտություն է հայտնել Հայոց ցեղասպանության խնդրի շուրջ կանադական կառավարության որդեգրած հաստատակամ վերաբերմունքի համար: