ԼՂՀ ԱԳ նախարարն արտասահմանյան ուսանողների հետ քննարկել է ղարաբաղյան հիմնախնդիրը

PanARMENIAN.Net - Օգոստոսի 11-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Վասիլի Աթաջանյանն ընդունել է հետխորհրդային տարածքի և Եվրոպայի տասը երկրներից ժամանած մի խումբ ուսանողների: Այդ մասին հաղորդում է ԼՂՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը: Ողջունելով հյուրերին, Վասիլի Աթաջանյանը կարևորել է տարբեր երկրներից երիտասարդության ներկայացուցիչների` ԼՂՀ կատարած այցը Արցախում առկա իրավիճակին ծանոթանալու և նրա մասին հանրային կարծիք ձևավորելու տեսակետից:

Հյուրերի խնդրանքով ԼՂՀ ԱԳ ղեկավարի պաշտոնակատարը անդրադարձել է ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության նախապատմությանը` նշելով, որ պաշտոնական Բաքվի մեղքով Արցախի ժողովրդի խաղաղ պահանջները դուրս են մղվել իրավական հունից դեպի ռազմական հակամարտության հարթություն: Ընդսմին, Վասիլի Աթաջանյանը ընդգծեց, որ ԼՂՀ նկատմամբ Ադրբեջանի տարածքային նկրտումնեըը անհիմն են ինչպես պատմական, այնպես էլ իրավական տեսանկյունից:

ԼՂՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի պաշտոնակատարը նշեց, որ միջազգային ընկերակցությունը պետք է ճանաչի ԼՂՀ փաստացի 20-ամյա անկախությունը: Վասիլի Աթաջանյանը հերթական անգամ հավաստեց ԼՂՀ իշխանությունների հավատարմությունը ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ լուծմանը, ընդգծելով որ բանակցային գործընթացում իրական տեղաշարժը հնարավոր է միայն այն դեպքում, եթե դրան մասնակցեն հակամարտության հիմնական կողմի` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտոնական ներկայացուցիչները: Հյուրերը շնորհակալություն հայտնեցին ԼՂՀ ԱԳ նախարարի պաշտոնակատարին իրենց հարցերին տրված սպառիչ պատասխանների համար :

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---