ANCA-ն վրդովված է Թուրքիայում քրիստոնեական եկեղեցիների մասին դեսպան Ռիկկարդոնեի հայտարարություններից

ANCA-ն վրդովված է Թուրքիայում քրիստոնեական եկեղեցիների մասին դեսպան Ռիկկարդոնեի հայտարարություններից

PanARMENIAN.Net - Ամերիկայի Հայ Դատի Հանձնախմբի (ANCA) գործադիր տնօրեն Արամ Համբարյանը վրդովված է Թուրքիայում ԱՄՆ դեսպան Ֆրենսիս Ռիկկարդոնեի հայտարարություններից այն մասին, որ Թուրքիայի տարածքում մինչև 1915թ. գործած քրիստոնեական եկեղեցիների մեծամասնությունը շարունակում են գործել նաև այսօր: «Դեսպանի ակնհայտ կեղծ պնդումները Օսմանյան Թուրքիայում ոչ միայն քրիստոնեական եկեղեցիների ոչնչացման քաղաքականության, այլև Ցեղասպանության ժամանակ սպանված միլիոնավոր քրիստոնյաների հանդեպ անտարբերության նշան է, որոնց համար այդ եկեղեցիները սրբատեղի էին»,- հայտնել է Համբարյանը: Նա ընդգծել է, որ կարևոր չէ, թե արդյոք այդ պնդումները կապված են տեղեկատվության պակասի հետ, թե արվել են Անկարայի կողմից ժխտման քաղաքականությանն օժանդակելու համար` ակնհայտորեն կեղծելով պատմական փաստերը: Համբարյանի խոսքով, երկու դեպքում էլ պարզ է դառնում, որ Ռիկկարդոնեն ի վիճակի չէ ներկայացնել ամերիկյան արժեքներն ու ԱՄՆ շահերը Թուրքիայում:

Ինչպես գրում է The Armenian Weekly-ն, պատմական գրառումների համաձայն, մինչև 1915 թվականը ժամանակակից Թուրքիայի տարածքում գործած ավելի քան 2000 հայկական եկեղեցիներից այսօր գործում են մոտ 50-ը:

Պատասխանելով սենատոր Ռոբերտ Մենենդեսի գրավոր հարցին այն մասին, թե այսօր Թուրքիայի տարածքում որպես եկեղեցի քանի քրիստոնեական եկեղեցի է գործում նրանց թվից, որոնք գործել են մինչև 1915 թվականը, դեսպան Ռիկկարդոնեն հայտնել է, որ դրանց մեծամասնությունը գործում է որպես եկեղեցի: «Դրանցից որոշները թանգարանների են վերածվել: Մնացածներից միայն ավերակներ են մնացել կամ էլ դրանք վերածվել են մզկիթների»,- ասվում է Թուրքիայում ԱՄՆ դեսպանի պատասխանում:

Հուլիսի 20-ին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի կոմիտեն 43 «կողմ» և 1 «դեմ» ձայների հարաբերակցությամբ ընդունել է ԱՄՆ ԱԳՆ-ին հատկացվող ֆինանսական միջոցների մասին օրինագծում ուղղումներ կատարելու վերաբերյալ օրինագիծը, որտեղ կարող են ներառվել նաև 306 բանաձևին համահունչ ձևակերպումներ, որոնց հեղինակներն են կոնգրեսականներ Հովարդ Բերմանն ու Էդ Ռոյսը:

Կոնգրեսական, ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների կոմիտեի անդամ Հովարդ Բերմանը կոնգրեսական Էդ Ռոյսի հետ համատեղ ներկայացրել է թիվ 306 բանաձևը «Եկեղեցիները վերադարձնելու մասին», որով կոչ է արվում Թուրքիային դադարեցնել քրիստոնյա բնակչության հանդեպ խտրականությունը: Բանաձևին սատարում է 31 կոնգրեսական: Հովարդ Բերմանը նաև Հայոց ցեղասպանության մասին թիվ 304 բանաձևի կողմնակից է, որն օրերս նույնպես ներկայացվել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատ:

Բանաձևում նախաձեռնողները կոչ են անում Թուրքիային կատարել միջազգային պարտավորությունները և վերջ տալ կրոնական հետապնդման բոլոր ձևերին, պաշտպանել մարդու իրավունքները և քրիստոնյաների կրոնական ազատությունները: Տվյալ բանաձևի հեղինակները նաև կոչ են անում Անկարային օրինական ճանապարհով վերադարձնել բռնագրավված հայկական, հունական, ասորական և այլ քրիստոնեական եկեղեցիները:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---