13 օգոստոսի 2011 - 10:53 AMT
ՀՀ ԿԳՆ-ում քննարկել են աղետների ռիսկերի նվազեցման կրթության ռազմավարությունը

Հայաստանի կրթության և գիտության նախարարությունում տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն աղետների ռիսկերի նվազեցման կրթության ռազմավարության վերաբերյալ, որը վարել է նախարարի տեղեկալ Մանուկ Մկրտչյանը: Նախարարությունից տեղեկացնում են, որ խորհրդակցությանը մասնակցել են ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ), Արտակարգ իրավիճակների կառավարման ակադեմիայի, Կրթության ազգային ինստիտուտի և նախարարության ներկայացուցիչներ:

ՄԱԿ-ի աղետների և ռիսկերի նվազեցման կրթության ծրագրի ղեկավար Տ. Թովմասյանը ներկայացրել է ծրագրի առաջին փուլի արդյունքները: «Աջակցություն Հարավային Կովկասում աղետների ռիսկերի նվազմանը խոցելի համայնքներում և հաստատություններում» տարածաշրջանային ծրագրի շրջանակում Շիրակի, Վայոց ձորի, Արագածատոնի և Գեղարքունիքի մարզերի 24 դպրոցներում կազմակերպվել են համապատասխան դասընթացներ: Հիշյալ դպրոցներին տրամադրվել են համապատասխան ուսումնական նյութեր, վերապատրաստվել են 96 մանկավարժներ, ովքեր դասավանդել են շուրջ 4000 աշակերտների: Ծրագրի հիմնական նպատակն աղետներին դիմակայելու մշակույթի բարձրացումն է:

Քննարկման մասնակիցները կարևորել են դպրոցների պարտադիր արտադասարանական միջոցառումների ցանկում աղետների ռիսկերի նվազման վերաբերյալ թեմաների ներառումը, որոնց, բացի աշակերտներից, կարող են մասնակցել նաև ծնողները: Քննարկվել է նաև բուհական համակարգում, մասնավորապես` մանկավարժական բուհերում աղետների ռիսկերի նվազեցման կրթության որակի բարելավման անհրաժեշտությունը: