13 օգոստոսի 2011 - 11:09 AMT
ՀԱՊԿ երկրները պայմանավորվել են ավարտել հավաքական ուժերի ձևավորումը

ՀԱՊԿ անդամները մտադիր են առաջիկայում ավարտել հավաքական ուժերի ձևավորումն ու սպառազինումը: Նման որոշման են եկել վեց երկրների՝ Ղազախստանի, Հայաստանի, Բելառուսի, Ղրղզստանի, Ռուսաստանի ու Տաջիկստանի նախագահները Աստանայում կազմակերպության ոչ պաշտոնական գագաթաժողովի առաջին մասի ավարտին: Այդ մասին հաղորդում է «Կովկասյան հանգույցը»:

Գագաթաժողովի բացմանը Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը հայտարարեց, որ հանդիպման գլխավոր թեման կդառնան «գլոբալ ու տարածաշրջանային ռիսկերի հարցերը ՀԱՊԿ պետությունների անվտանգության ու կայունության համար, կապված վերջին զարգացումների հետ»:

Ըստ պաշտոնական տեղեկատվության, գագաթաժողովի ժամանակ քննարակվել է, մասնավորապես, իրավիճակը Մերձավոր Արևելքում, Հյուսիսային Աֆրիկայում ու Աֆղանստանում, ինչպես նաև ՀԱՊԿ պատասխանատվության գոտում բնական ու տեխնածին աղետների կանխման, վերահսկման ու հետևանքների վերացման հարցերը, հաղորդում է «Էխո Կավկազա» ռադիոկայանը:

ՌԴ նախագահն իրազեկեց, թե ինչ ջանքեր է ձեռնարկում Ռուսաստանը Աֆրիկայի հյուսիսում և արաբական աշխարհում իրավիճակի վրա ազդելու համար: «Խոսքը գնում է առաջին հերթին Լիբիայի և Մերձավոր Արևելքի մի քանի երկրների մասին: Մենք միջնորդական ջանքեր ենք գործադրում, իմ լիազոր ներկայացուցիչները զբաղվում են դրանով տարբեր երկրներում»,-մեջբերում է Մեդվեդևին ՌԲԿ-ն:

Գագաթաժողովում քննարկվել են նաև համատեղ գործողությունները կիբերհանցավորության դեմ: «Նախագահները մեծ ուշադրություն են դարձրել կազմակերպության ներսում համերաշխության բարձրացման հարցին, հատկապես արտաքին քաղաքականության ոլորտում»,-ասել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան:

Մայիսի 19-ին Երևանում տեղի ունեցավ «Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունն ու Հարավային Կովկասը. խաղաղության ու անվտանգության հեռանկարները տարածաշրջանում» խորհրդաժողովը, որին մասնակցում են ՀԱՊԿ անդամ երկրները, ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Բորդյուժան: Հանդիպման ավարտին հայ փորձագետները կարծիք են հայտնել, որ ՀԱՊԿ-ն կպաշտպանի Հայաստանին Լեռնային Ղարաբաղում պատերազմի դեպքում:

ՀԱՊԿ երկրների ղեկավարների հաջորդ, արդեն պաշտոնական հանդիպումը տեղի կունենա դեկտեմբերին Մոսկվայում: