13 օգոստոսի 2011 - 14:59 AMT
Հափշտակվել է առանձնապես խոշոր չափերի գումար

ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում հարուցվել է քրեական գործ` կանխիկացնելու միջոցով առանձնապես խոշոր չափերի գումար հափշտակելու դեպքի առթիվ: Այս մասին հաղորդում է ՀՀ դատախազության պաշտոնական կայքը:

ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությանը տրամադրված նյութերի ուսումնասիրությամբ պարզվել է, որ ՀՀ գյուղատնտեսության նախարարության «Գյուղական համայնքների տնտեսական զարգացման ծրագրի վերլուծության և կառավարման գրասենյակ» պետական հիմնարկի նախկին գլխավոր հաշվապահը, նույն հիմնարկի ֆինանսական ծառայությունների մասնագետից նախապես վերցված «Արդշինինվեստբանկ» ՓԲ ընկերության առկա քարտի հաշվին 2010թ. հունվարի 29-ից մինչեւ 2010թ. օգոստոսի 31-ն ընկած ժամանակահատվածում վերոհիշյալ հիմնարկի ֆինանսական միջոցներից փոխանցելով և անձամբ «Արդշինինվեստբանկ» ՓԲ ընկերության առկա քարտով կանխիկացնելով, հափշտակել է առանձնապես խոշոր չափերի գումար:

Հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: Քրեական գործն ուղարկվել է ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչություն` նախաքննություն կատարելու համար: