13 օգոստոսի 2011 - 15:50 AMT
Անահիտ Բախշյանը կոչ է անում խրախուսել երիտասարդ գիտնականներին

Մի քանի օր առաջ հայկական 2 գիտական ամսագրեր ձեռք են բերել որակապես նոր կարգավիճակ` միջազգային ամենահեղինակավոր Thomson Reuters գործակալության կողմից ստանալով Ազդեցության գործակիցներ, որոնցով բնորոշվում է համապատասխան ոլորտներում համաշխարհային գիտական հանրության մեջ այդ ամսագրերի ունեցած ազդեցությունը: ԱԺ «Ժառանգության» պատգամավոր Անահիտ Բախշյանն այսօր նամակ է ուղղել Ազգային մրցունակության հիմնադրամին, որում կոչ է արել խրախուսել Հայաստանի մրցունակ երիտասարդ գիտնականներին:

«Սա մեր նորանկախ պատմության մեջ եզակի կարևորություն ունեցող և նախադեպ չունեցող իրադարձություն է: Նկատենք, որ տեղի ունեցածը հանդիսանում է անմիջականորեն կապային հանգույցների ստեղծում, ընդ որում առանց հիմնադրամի օժանդակության և խրախուսման»,- ասվում է նամակում:

Անահիտ Բախշյանը կոչ է անում Ազգային մրցունակության հիմնադրամին հատուկ միջոցառումով անդրադառնալ այս իրադարձությանը և մրցունակության հզորացման հարցում նրա կարևորությանը: Մասնավորապես իրականացնել այդ ամսագրերի կայացմանը նպաստող և այդտեղ տպագրվող երիտասարդ հոդվածագրերի խրախուսման ծրագիր: Նա առաջարկում է խրախուսման չափը յուրաքանչյուր երիտասարդ հոդվածագրի համար սահմանել ոչ պակաս, քան երիտասարդ գիտաշխատողի աշխատավարձի քառապատիկը: