Արաբկիր վարչական շրջանի ղեկավարը հանդիպել է Փափազյան փողոցի կրպակատերերի հետ

Արաբկիր վարչական շրջանի ղեկավարը հանդիպել է Փափազյան փողոցի կրպակատերերի հետ

PanARMENIAN.Net - Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանի հանձնարարությամբ Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Էդվարդ Մուշեղյանը հանդիպել է Փափազյան փողոցում տեղակայված կրպակների տերերի հետ։ Քաղաքապետարանի մամլո ծառայությունից տեղեկացնում են, որ վարչական շրջանի ղեկավարը մեկ անգամ ևս ընդգծել է, որ ապամոնտաժման են ենթարկվում միայն կենտրոնական փողոցներում տեղակայված, պայմանագրային ժամկետներն ավարտված և ապօրինի գործող կամ չգործող կրպակները։

«Ընդ որում, շեշտվել է, որ անկախ կրպակների կարգավիճակից, բոլորին այլընտրանք է առաջարկվում։ Մասնավորապես, առաջարկվում է վարչական շրջանի մեկ այլ հատվածում ստեղծել պահանջվող չափանիշներին համապատասխանող կրպակաշար և համապատասխան փաստաթղթերի օրինական ձևակերպումից հետո ստանալով Երևանի քաղաքապետի որոշումը` շարունակել առևտրային գործունեությունը քաղաքակիրթ պայմաններում և օրինական դաշտում»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Քաղաքապետարանից տեղեկացնում են, որ կրպակների ապամոնտաժման հետ կապված խնդրի լուծման առաջարկվող տարբերակին կրպակատերերը դեմ չեն եղել։ Վարչական շրջանի ղեկավարը կրպակատերերին առաջարկել է քննարկել տարբերակները և մեկ շաբաթ հետո կրկին հանդիպել՝ վերջնական եզրակացության հանգելու նպատակով։

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---