15 օգոստոսի 2011 - 15:10 AMT
Ռուսական մամուլ. ՀԱՊԿ-ն ուժեղացնում է ինտերնետի վերահսկողությունը

Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի ու Տաջիկստանի նախագահները Պայմանագրի կազմակերպության երկրների ոչ պաշտոնական գագաթաժողովում» պայմանավորվել են միջոցներ մշակել հնարավոր սպառնալիքներին տեղեկատվական ու կիբերտարածքում դիմակայելու համար, գրում է «Վեդոմոստի» թերթը:

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի խոսքերից հետևում է, որ դրանով որոշել են զբաղվել Հյուսիսային Աֆրիկայում իրադարձությունների պատճառով: Ինտերնետ միջավայրի կանոնակարգման թեման քննարկվել է նաև ՇՀԿ հունիսյան գագաթաժողովում, հիշեցնում է թերթը:

«Կիբերանվտանգությունը ռուսական արտաքին քաղաքականության գերակայություններից մեկն է»,-հուլիսին հայտարարել է ՌԴ ԱԳՆ նոր մարտահրավերների ու սպառնալիքների դեպարտամենտի նոր տնօրեն Իլյա Ռոգաչովը՝ հավելելով, որ մեծ տարբերություն կա խոսքի ազատության ու ազատ քարոզչության միջև:

«Վեդոմոստին» հայտնում է նաև, որ «Թղթակիցներ առանց սահմանների» մարտին լույս տեսած զեկույցը ցույց տվեց, որ առանց լրացուցիչ միջոցների էլ ՀԱՊԿ վերահսկում է տեղեկատվական միջավայրը»:

Ուզբեկստանը դասվել է «ինտերնետի թշնամիների» շարքին, իսկ Բելառուսն ու Ռուսաստանը մտահոգություն առաջացնող երկրների: Նախորդ շաբաթ Ուզբեկստանում արգելափակվել է մուտքը արևմտյան կայքեր (այդ թվում «Ռոյթեր» և New York Times) և տասնյակ ռուսական կայքեր:

«Բելառուսում ընդդիմադիր կայքերը աշխատանքը շարունակելու համար ստիպված են վերագրանցվել արտերկրում, սակայն դա չի փրկում նրանց հաքերային հարձակումներից, որոնք, ըստ քաղաքացիների, անց են կացնում պետմարմինները»,-«Վեդոմոստիին» է ասել բելառուս քաղաքագետ Վալերի Կարբալևիչը:

Ի դեպ, արգելքները միշտ չէ, որ արդյունավետ են. շատ օգտվողներ գտնում են ընդդիմադիր «Ֆերգանա.ռու» կայք այցելելու այլ միջոցներ, արձանագրում է կայքի գլխավոր խմբագիր Դանիիլ Կիսլովը:

Պարբերականը հուսով է, որ սահմանափակումների հարցը՝ ոչ թե ինտերնետի, այլ ինտերնետում հանրության համար վնասակար գործողությունների սահմանափակումների հարցը կլուծվի հրապարակավ՝ հաշվի առնելով բոլոր շահագրգիռ կողմերին ու հասարակության վերահսկողության տակ: