
Ուզբեկստանին Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից (ՀԱՊԿ) հեռացնելու մասին խոսք չի գնում: Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան:
«Մոսկվա-Աստանա» տեսախորհրդաժողովի ժամանակ Բորդյուժան պարզաբանեց, որ նախորդ շաբաթ տեղի ունեցած ՀԱՊԿ առաջնորդների գագաթաժողովը ոչ պաշտոնական բնույթ է կրել և նախագահների մասնակցությունը պարտադիր չէր:
«Աստանայի գագաթաժողովը ոչ պաշտոնական էր և յուրաքանչյուր նախագահ իրավունք ուներ մասնակցել կամ չմասնակցել դրան: Այլ բան է, որ ծրագրված գագաթաժողովը տեղի կունենա դեկտեմբերի 20-ին Մոսկվայում, որին կմասնակցեն բոլոր նախագահները»,-ասել է կազմակերպության գլխավոր քարտուղարը:
Ուզբեկստանի առաջնորդ Իսլամ Կարիմովը հրաժարվեց մասնակցել ՀԱՊԿ ոչ պաշտոնական գագաթաժողովին, որն անցավ օգոստոսի 12-13 Աստանայում:
«Ես հուսով եմ, որ Ուզբեկստանի նախագահը կմասնակցի մոսկովյան հանդիպմանը»,-ասել է Բորդյուժան:
Հինգերորդ ոչ պաշտոնական գագաթաժողովը տեղի ունեցավ նախորդ շաբաթ Աստանայում: Մասնակիցները քննարկեցին միջազգային իրավիճակի ակտուալ խնդիրներ: