15 օգոստոսի 2011 - 16:48 AMT
Հոսնի Մուբարաքի գործով դատը հետաձգել են

Եգիպտոսի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքի և նրա որդիների գործով դատը հետաձգվել է մինչև սեպտեմբերի 5-ը, հաղորդում է BBC-ն: Դատական լսումների ժամանակ գլխավոր դատավոր Ահմեդ Ռիֆաաթը հայտնել է Եգիպտոսի նախկին նախագահի և ՆԳ նախկին նախարար Հաբիբ ալ-Ադլիի գործերի միավորման մասին, քանի որ երկուսին էլ մեղադրում են ցուցարարների գնդակոծությանը հանցակից լինելու մեջ:

Դատարանը նաև սահմանել է նախքան վճռի հրապարակումը դադարեցնել նիստերի հեռարձակումն ուղիղ հեռուստատեսային եթերով:

2011թ. սկզբին հրաժարական տված Եգիպտոսի նախկին նախագահը մեղադրվում է հակակառավարական ցույցերի մասնակիցների սպանության և կոռուպցիայի մեջ: Մեղավոր ճանաչվելու դեպքում նրան մահապատիժ է սպառնում: