15 օգոստոսի 2011 - 17:07 AMT
«Սարգիս Տխրունի» միությունը խորհուրդ է տալիս բարեկարգումը սկսել էլիտար շենքերից

Հնչակյան կուսակցության «Սարգիս Տխրունի» ուսանողական-երիտասարդական միությունը բաց նամակ է հղել քաղաքապետ Կարեն Կարապետյանին` կրպակների ապամոնտաժման որոշման հետ կապված: Նամակում նշվում է, որ դրա հետևանքով երկրում հերթական սոցիալական լարվածությունն է առաջացել:

«Կրպակների ապամոնտաժումն ուղեկցվում է ոստիկանական տեռորով, թաղապետարանների որոշ աշխատակիցների գռեհիկ պահվածքով: Դուք հայտարարում եք, թե կրպակները խաթարում են Երևան քաղաքի տեսքը: Այո՛, համաձայն ենք, սակայն մի՞թե Ձեր պայքարը Երևանի անաղարտ տեսքի համար պետք է սկսել ամենաչքավոր խավից: Ի՞նչ է, Երևանի արտաքին տեսքին չե՞ն խանգարում նախկինում կառուցված անճոռնի «էլիտար շենքերը», որոնք ոչ մի կապ չունեն և չեն էլ ունենա Երևան քաղաքի ճարտարապետական տեսքի հետ: Եթե իսկապես Դուք և Ձեր աշխատակիցները Երևանը «տեսքի բերելու» խնդիր եք դրել Ձեր առջև, ապա կարող եք սկսել հենց այդ անիմաստ շենքերից »,- ասվում է նամակի մեջ:

«Սարգիս Տխրունի» միությունը կոչ է անում քաղաքապետին դադարեցնել արշավը, որն «առանց հացի է թողնելու ևս մի քանի հազար հոգու, ովքեր ապագայում, ուզեն կամ չուզեն, բռնելու են արտագաղթի ճանապարհը»: Միությունը նշում է, որ բարեկարգ Երևան առանց Երևանի բնակիչների, ոչ մեկին պետք չէ: