16 օգոստոսի 2011 - 10:42 AMT
Կոալիցիան ու ընդդիմությունը սկսել են բանակցությունների հերթական փուլը

Օգոստոսի 16-ին կառավարության ընդունելությունների տանը սկսվել է կոալիցիայի ու ՀԱԿ-ի քաղաքական երկխոսության շրջանակներում բանակցությունների հերթական փուլը: Ինչպես նախորդ հանդիպմանը, այս անգամ ևս բացակայում է ԲՀԿ երկու ներկայացուցիչներից մեկը՝ Նաիրա Զոհրաբյանը:

Երբ հանդիպումից առաջ լրագրողները խնդրեցին մեկնաբանել ՀԱԿ մամլո քարտուղար Արման Մուսինյանի երեկա հայտարարությունն այն մասին, որ մինչև ազատ չարձակվեն ՀԱԿ երիտասարդ ակտիվիստները երկխոսությունը չի շարունակվի և որ իշխանությունները 24 ժամ ունեն դրա համար, Դավիթ Շահնազարյանը ժպիտով նշեց, որ Մուսինյանը իր ասուլիսը տվել է առավոտյան ժամը 11:00-ին:

Ըստ ՀԱԿ-ի տեղեկատվության, օգոտոսի 9-ին ոստիկանությունը բռնություն է կիրառել Կոնգրեսի համակիրներ Տիգրան Առաքելյանի և Արտակ Կարապետյանի նկատմամբ: «Երբ միջադեպի վայր հասած Կոնգրեսի համակիրներ Արեգ Գևորգյանը, Սահակ Մուրադյանը, Վահագն Գևորգյանը, Սարգիս Գևորգյանը, Դավիթ Քիրամիջյանը փորձել են հարթել միջադեպը, ոստիկանությունը դաժան բռնություն է կիրառել նաև նրանց նկատմամբ: Նրանք բոլորը բերման են ենթարկվել ոստիկանություն»,-ասվում է ՀԱԿ հաղորդագրության մեջ: Ոստիկանությունն իր հերթին մեղադրում է ՀԱԿ ակտիվիստներին ոստիկանների վրա հարձակվելու մեջ: Ներկայումս Տիգրան Առաքելյանը, Արտակ Կարապետյանը, Սարգիս Գևորգյանը հսկողության տակ են, մնացածներն ազատ են արձակվել: