16 օգոստոսի 2011 - 17:41 AMT
Քրդերն Էրդողանին արդեն երկրորդ Սադամ Հուսեյն են անվանում

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությունները քրդերի դեմ պայքարը կոշտացնելու մասին ոչ այլ ինչ են, քան ցեղասպանության սպառնալիք: Նման կարծիք է հայտնել քրդական «Խաղաղություն և ժողովրդավարություն» կուսակցության ներկայացուցիչ Ասիպ Կապլանը, հաղորդում է թուրքական Firat news գործակալությունը:

«Էրդողանին մնում է միայն հագուստը փոխարինել զինվորականի համազգեստով երկրորդ Սադամ Հուսեյնը դառնալու համար: Բռնությունից խուսափելու համար մենք պետք է խաղաղ գործընթաց սկսենք, խորհրդարանի միջոցով»,-ասել է Կապլանը:

Թուրքիայի իշխող ԱԶԿ կուսակցության 10-ամյակին նվիրված ճաշկերույթի ժամանակ վարչապետ Էրդողանը հայտարարել է Ռամադանի ավարտին Քրդստանի աշխատանքային կուսակցության հետ առավել կոշտ պայքար սկսելու մասին: