16 օգոստոսի 2011 - 18:11 AMT
Կոստանդնուպոլսի աթոռակից պատրիարքն «ուրախ է», որ այս տարի Ռամադանն ու Մարիամ Աստվածածնի տոները համընկել են

Թուրքիայի Հաթայա քաղաքի մերձակայքում գտնվող հայկական Վակիֆլի գյուղում մատուցվել է պատարագ Մարիամ Աստվածածնի վերափոխման օրվա կապակցությամբ: Պատարագին ներկա ՀԱԵ Կոստանդնուպոլսի աթոռակից պատրիարք Արամ Աթեշյանը գոհունակություն է հայտնել այն փաստի առնչությամբ, որ այս տարի մահմեդական Ռամադանն ու Մարիամ Աստվածածնի փոխակերպման տոնը համընկել են: «Հուսով եմ, որ մեր մահմեդական եղբայրների ու քույրերի պահքն ընդունելի կլինի: Առանց պահքի չկա աղթոք ու բարեգործություն»:

Ինչպես հայտնում է Today’s zaman-ը, ժամերգությանը ներկա էին հայեր Սիրիայից, Գերմանիայից ու Լիբանանից:

Թուրքիայի Հաթայա քաղաքի մերձակայքում գտնվող Վակիֆլի գյուղը Թուրքիայի միակ հայկական գյուղն է, որ մնացել է Հայոց ցեղասպանությունից հետո: Գյուղում գործում է հայկական եկեղեցին: Բնակչությունը մոտ 120 մարդ է:

Օգոստոսի 14-ին Հայաստանում նշեցին Սբ Աստվածածնի Վերափոխման տոնը, որը եկեղեցու 5 Տաղավար (գլխավոր) տոներից է, շարժական է, նշվում է V դարից սկսած ամեն տարի օգոստոսի 15-ին մոտ կիրակի օրը: Ավանդության համաձայն՝ Քրիստոսի խաչելությունից 12 տարի հետո Գաբրիել հրեշտակապետը Մարիամին ավետել է երկրային աշխարհից Վերին Երուսաղեմ վերափոխվելու լուրը։ Մինչև երկինք փոխադրվելը առաքյալների խնդրանքով Մարիամը իր պատկերը դրոշմում է տախատկի վրա, որպեսզի այդ տախտակի միջոցով մարդիկ բժշկվեն իրենց ախտերից և զանազան հիվանդություններից։ Սբ. Կույսի երկրային կյանքի վախճանը եկեղեցին մահ բառով չի որակում, այլ այն անվանում է նինջ կամ երկրայինից երկնայինի Վերափոխում:

Աստվածածնի Վերափոխման տոնի օրը պատարագ է մատուցվում, որից հետո կատարվում է նաեւ խաղողօրհնեքի արարողությունը, օրհնվում է նաև տարվա ողջ բերքը։ Ինչպես յուրաքանչյուր տաղավար տոն, այս տոնին նույնպես հաջորդում է մեռելոց հիշատակման օրը, որը ոչ աշխատանքային է հայտարարված: