16 օգոստոսի 2011 - 18:37 AMT
ԵՄ-ում գտնում են, որ ղարաբաղյան հիմնախնդրի լուծման գործընթացը հարկավոր է արագացնել

Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացը պետք է արագացնել, երեքշաբթի օրը լրագրողներին է ասել Ադրբեջանում Եվրամիության ներկայացուցչության ղեկավար Ռոլանդ Կոբիան: «Կազանյան հանդիպմանը Հայաստանն ու Ադրբեջանը չկարողացան համաձայնության գալ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ: Բայց դա չի նշանակում, որ ողջ գործընթացը ձախողվել է: Իհարկե, Կազանի հանդիպմանը համաձայնության չգալը հիասթափեցնում է, սակայն դրանից մի քանի օր անց հանդիպում է կայացել Սոչիում, որը, ինչպես ես լսել եմ, դրական մթնոլորտում է անցել: Մենք կուզենայինք, որպեսզի այդ գործընթացը շարունակվեր: Չէի ուզենա մտածել, որ կարգավորման գործընթացը ձախողվել է»,- ավելացրել է Կոբիան:

Ադրբեջանում ԵՄ ներկայացուցչության ղեկավարն անդրադարձել է նաև հայկական և ադրբեջանական զորքերի շփման գծում տեղի ունեցող միջադեպերին: «Մենք տխրում ենք ճակատային գոտում կատարվող իրադարձությունների կապակցությամբ: Նման դեպքեր ադրբեջանական կամ հայկական կողմից չպետք է լինեն, քանի որ կա հրադադարի ռեժիմ: Այնտեղ ոչ ոք չպետք է զոհվի: Երկու կողմերն էլ պետք է հարգանքով վերաբերվեն հրադադարի ռեժիմին»,- ասել է նա:

ՌԴ նախագահի նախաձեռնությամբ հունիսի 24-ին Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի նախագահների՝ Կազանում կայացած գագաթաժողովն ավարտվեց առանց Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ հիմնարար սկզբունքների մասին պայմանավորվածությունների ձեռքբերման: Ինչպես հայտնել է Հայաստանի ԱԳ նախարարը, կողմերին չի հաջողվել համաձայնության գալ, որովհետև Ադրբեջանի նախագահը վերջին պահին 10 նոր փոփոխություն է ներկայացրել: Կազանյան հանդիպման ձախողումից հետո Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևը Երևանին ու Բաքվին ղարաբաղյան գործընթացի վերաբերյալ իր առաջարկներն ուղղեց, որոնք փոխանցեց ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը: Հայաստանն ու Ադրբեջանն արդեն ուղղել են իրենց պաշտոնական պատասխանները Մեդվեդևի առաջարկներին:

Օգոստոսի 9-ին ՌԴ նախագահի նախաձեռնությամբ Սոչիում կայացել է Դմիտրի Մեդվեդևի հանդիպումն Իլհամ Ալիևի հետ, իսկ օգոստոսի 12-ին Աստանայում Մեդվեդևը հանդիպել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ: