17 օգոստոսի 2011 - 13:11 AMT
ՖՈՏՈՇԱՐՔ
Վարդան Դևրիկյանը կապ է հայտնաբերել կրպակների ապամոնտաժման ու բանակի միջև

Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանի այս տարվա երեք որոշումները՝ փողոցային առևտրի արգելումը, միջքաղաքային տրանսպորտի կանգառների տեղափոխումը դեպի ավտոկայաններ և կրպակների ապամոնտաժումը, հեղափոխական իրավիճակ են ստեղծում: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք հայտնեց գրականագետ Վարդան Դևրիկյանը: «Երևանն այդպիսով չի գեղեցկանում, այլ միայն ավելանում են ատելությունն ու կեղծիքը»,-ասաց բանախոսը:

Նա նշեց, որ երթուղայինների դուրսբերումը դեպի ավտոկայաններ դանդաղ գործողության ռումբ է. «Այն կպայթի աշնանը և հետո էլ ձմռանը, երբ կսկսվի ուսանողների հոսքը, ու եղանակն էլ կցրտի»:

Ըստ Դևրիկյանի, քաղաքի ծանրաբեռնվածությունը թուլացնելու համար ավելի լավ կլիներ Համերները արգելեին. «Այնպիսի տպավորություն է , թե քաղաքում պարետային ժամ է»:

Բանախոսը նշեց, որ կրպակների ապամոնտաժումից ու փողոցային առևտրի արգելումից մեծապես տուժում է հայկական բանակը, քանի որ հենց այդ խավն է բանակին զինվոր տալիս:

Ասուլիսի մյուս բանախոսը՝ ճարտարապետ Լևոն Իգիթյանը նշեց, որ յուրաքանչյուր երկիր, քաղաք անցել է այս ճանապարհով, և բոլորի համար էլ եղել է ծանր ու դժվար. «Ասում են, թե կրպակները հարմար են, որ այդպես լիներ, պետք է յուրաքանչյուրս մեր հարմարության համար մի –մի գարշոկ հետներս ման տայինք>:

Իգիթյանը Երևանը համեմատեց վատառողջ մարդու հետ՝ նշելով, որ երբեմն հիվանդությունը բուժելու համար անհրաժեշտ է լինում վիրաբույժի միջամտությունը:

ՖՈՏՈՇԱՐՔ