17 օգոստոսի 2011 - 13:37 AMT
Գագիկ Մինասյան. Իշխանությունները ոչինչ չեն խոստացել հանուն իշխանություն-ՀԱԿ երկխոսության շարունակման

Հայաստանի իշխանությունները ոչինչ չեն խոստացել ընդդիմադիր ՀԱԿ-ին՝ օգոստոսի 9-ին ոստիկանության ու ՀԱԿ-ի 7 երիտասարդ ակտիվիստների միջև տեղի ունեցած միջադեպի հետևանքների հարթման առնչությամբ՝ հանուն քաղաքական երկխոսության շարունակման: Այս մասին այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Մինասյանը:

Նա նաև հերքեց այն տեղեկատվությունը, որ իշխանությունը խոստացել է մինչև ուրբաթ օրը փոխել երեք երիտասարդների խափանման միջոց կալանքը՝ ընդգծելով, որ այդ գործընթացը գտնվում է իրավական տիրույթում է և կոալիցիայի գործառույթներից դուրս է:

Մինասյանը նաև հրաժարվեց որևէ մեկնաբանություն տալ հիշյալ գործի շուրջ՝ նկատելով,. «Հիմա գնահատական տալը կլինի ամենա ոչ կառուցողական քայլը»: Նա միայն նկատեց, որ միջադեպը շեղեց գործընթացը բանակցային թեմայից: Մինասյանը անհեթեթություն որակեց այն, որ ՀԱԿ-ի ակտիվիստներին անվանում են քաղբանտարկյալներ:

Ինչ վերաբերում է Արման Մուսինյանի՝ օրերս արած հայտարարությանը, թե իրենց ակտիվիստների ձերբակալումը լուրջ խոչընդոտ է իշխանություն-ՀԱԿ երկխոսության ճանապարհին, բանախոսը շեշտեց. «Հենց նույն օրն եմ այն որակել անպատասխանատու հայտարարություն»: