17 օգոստոսի 2011 - 14:23 AMT
Գագիկ Մինասյան. Եթե Բաքուն պատերազմ սկսի, աշխարհը պետք է սպառնա նրան Ղարաբաղի ճանաչմամբ

Պատերազմի վերսկսման մասին ադրբեջանական կողմի սպառնալիքներին դիմակայալու համար ՄԽ համանախագահ երկրները պետք է սպառնան պաշտոնական Բաքվին ԼՂՀ-ի ճանաչմամբ: Այս մասին Երևանում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀԿ խորհրդարանական խմբակցության պատգամավոր Գագիկ Մինասյանը: «Սա գործընթացների զարգացման ախուսափելի հետևանքն է»,-նշեց նա՝ հիշեցնելով ՄԽ համանախագահ երկրների նախագահների դովիլյան հայտարարությունը, որտեղ Հայաստանի և Ադրբեջանի նախագահներին կոչ էր արվում իրենց ժողովուրդներին պատրաստել «խաղաղության և ոչ պատերազմի»:

Մինասյանը անդրադարձավ նաև ՌԴ նախագահ Դ .Մեդվեդևի վերջերս տված ասուլիսին՝ նվիրված 2008 թ-ի 5 –օրյա պատերազմին, որտեղ նա նշել էր, որ Հայաստանի ու Ադրբեջանի նախագահները խոստովանել են. «ավելի լավ է անվերջ բանակցություններ լինեն, քան նույնիսկ 5-օրյա պատերազմ»:

Նրա խոսքով, Մեդվեդևի հարցազրույցը Ադրբեջանում հիստերիա է առաջացրել, քանի որ ադրբեջանական կողմն այնտեղ տեսել է Արևմուտքի ու Ռուսաստանի սպառնալիքը Ադրբեջանին՝ պատերազմական գործողությունների վերսկսման դեպքում ճանաչել ԼՂՀ պետությունը:

Ինչ վերաբերում է Հայաստանի կողմից ԼՂՀ-ի ճանաչմանը, Մինասյանի խոսքով, Հայաստանը դա կանի ճանաչման համար ամենահարմար պահին: