17 օգոստոսի 2011 - 14:54 AMT
Yandex.ru-ն թողարկել է նոր որոնողական հարթակ

Ինչպես հայտնում է Lenta.ru-ն, ռուսական որոնողական համակարգ Yandex.ru-ն թողարկել է որոնողական նոր հարթակ՝ Ռեյկյավիկ անվանումով։

Այս նոր պլատֆորմը Yandex-ին հնարավորություն է տալիս կատարել որոնում՝ ըստ օգտագործողի նախընտրած լեզվի։ Այսինքն՝ Ռեյկյավիկը ուշադրություն է դարձնում, թե որքան հաճախ է օգտագործողը այցելում որոնման արդյունքում հայտնված անգլալեզու կայքեր։ Եվ հաշվի առնելով այդ հաճախականությունը՝ հաջորդ որոնումների դեպքում ավելի շատ են ցուցադրվում նմանատիպ կայքեր։

Հղումներ դեպի անգլալեզու կայքեր հայտնվում են նաև անգլերեն լեզվով որոնումներ կատարելու դեպքում։ Միևնույն ժամանակ Ռեյկյավիկը անտեսում է լատինատառ ռուսերենով գրված որոնումները։

Yandex օգտագործողների մեծամասնությունը նախընտրում են որոնման արդյունքներում տեսնել ռուսական կայքերի հղումներ։ Այս մասին ասել է Yandex-ի որոնման որակի նախագծման բաժնի ղեկավար Դենիս Ռասկովալովը։ «Անգլալեզու հղումներ նախընտրողները կազմում են ընդամենը 8%»,- նշել է նա։

Yandex-ի նախկին որոնողական հարթակը կոչվում էր Կրասնոդար, այն գործարկվել էր 2010-ի դեկտեմբերին։ Այս հարթակների անվանումների ընտրությունը կատարվում է «Քաղաքներ» խաղի սկզբունքով։ Ամեն մի նոր հարթակի անվանում սկսվում է նախկին հարթակի անվանման վերջին տառով՝ Օբնինսկ-Կրասնոդար-Ռեյկյավիկ։