17 օգոստոսի 2011 - 15:35 AMT
Լևոն Իգիթյանը խորհուրդ է տալիս բողոքելու փոխարեն առաջարկություններ անել

Երևանի ավագանու անդամ, ճարտարապետ Լևոն Իգիթյանը այսօր լրագրողների հետ հանդիպմանը կրպակների ապամոնտաժումից բողոքող քաղաքացիներին ու պատգամաորներին խորհուրդ տվեց ոչ թե ակցիաներ ու ցույցեր անել, այլ առաջարկություններով դիմել քաղաքապետարան:

«Քաղաքապետարանում նիստի ժամանակ Ազգային ժողովի մի քանի անդամներ բազմություն էին բերել, իրենք էլ եկել նստել էին բորդյուրներին: Ցույց էին տալիս, թե մարդկանց շահերն են պաշտպանում: Ազգային ժողովի այն անդամներն են, որ եթե էս վիճակը չլիներ, ես նրանց գոյությունը չէի էլ նկատելու»,- ասաց բանախոսը:

Լևոն Իգիթյանը տարակուսանք հայտնեց, թե այդքան ժողովրդի շահերի մասին մտածելով, ինչու նույն այդ պատգամավորները քաղաքապետի հետ հանդիպմանը հանդես չեն եկել առաջարկություններով. «Գային ասեին` պարոն քաղաքապետ ես մի առաջարկ ունեմ, լավ բան եք մտածել, առաջարկում եմ՝ եկեք այսպես անենք: Ես մի քննադատ մինչ օրս Հայաստանում չեմ տեսել, որ ասի՝ ուզում եք սա անել, առաջարկում եմ այս ճանապարհով անել»:

Ճարտարապետը նշեց, որ բազմաթիվ քաղաքացիներ` ճարտարապետներ, բժիշկներ, հասարակ մարդիկ, այցելել են քաղաքապետարան, առաջարկներ են արել` ինչպես ավելի հեշտ լուծել խնդիրը, և դրանցից մի քանիսը հիմա քաղաքապետարանում քննարկվում են: