17 օգոստոսի 2011 - 18:39 AMT
ՄԱԿ-ու ՀՀ մշտական ներկայացուցիչը Պան Գի Մունի ուշադրությունն է հրավիրել Ադրբեջանի պարբերական զրպարտության վրա

Օգոստոսի 17-ին ՄԱԿ-ում, որպես այդ կազմակերպության պաշտոնական փաստաթուղթ, տարածվել է Գլխավոր քարտուղար Պան Գի Մունին ուղղված ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Կարեն Նազարյանի նամակը` ի պատասխան հուլիսի 26-ին ՄԱԿ-ում Ադրբեջանի ներկայացուցչի տարածած փաստաթղթի՝ 13-ամյա ադրբեջանցի աղջկա մահվան մեջ հայկական կողմին մեղադրանքով, հայտնում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: Նամակում, մասնավորապես, ասվում է.

«Կցանկանայի անդրադառնալ 2011թ. հուլիսի 26-ի А/65/915-S/2011/457 փաստաթղթին, որը պարունակում է Ադրբեջանի ներկայացուցչի նամակը:

Ցավում եմ, որ ադրբեջանական կողմը շարունակում է ՄԱԿ-ում և միջազգային այլ կազմակերպություններում իրեն ներկայացնել որպես «ագրեսիայի» զոհ, առանց երբևէ խոստովանելու կամ ազնվորեն փաստելու իր դերը Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի դեմ ռազմական ագրեսիա սանձարձելու գործում:

Հերթական անգամ «նախնական հետաքննության եզրակացությունների»վրա հիմնված կեղծիքների և ստերի միջոցով հայկական կողմին վարկաբեկելու հատուկ նպատակ հետապնդելով` անցյալ շաբաթ Ադրբեջանի ներկայացուցիչը շրջանառության մեջ է դրել վերոնշյալ վրդովվեցուցիչ նամակը` հայկական կողմին մեղադրելով «պայթուցիկ սարքի» զոհ դարձած 13-ամյա երեխայի մահվան մեջ»:

«Այս մեղադրանքի հեղինակներն անկախ հետաքննություն անցկացնելու հնարավորություն չեն ընձեռել նման սարսափելի պնդումների ճշմարտացիությունը ստուգելու և դրա մանրամասները պարզելու համար: Նմանատիպ հայտարարություններն ադրբեջանական դիվանագիտության կողմից օգտագործվում են ստանձնած պարտավորություններից խուսափելու համար: Բավարար է նշել, որ հենց այս պատրվակով Ադրբեջանը փորձ ձեռնարկեց դուրս գալ հրադադարի ռեժիմի խախտումների հետաքննության մեխանիզի ստեղծման վերաբերյալ համաձայնությունից, որն ընդունվեց 2011թ. մարտի 2-ին Սոչիում տեղի ունեցած Նախագահների հանդիպման արդյունքում:

Չնայած դրանց անհեթեթությանը, այս վերջին հայտարարությունները ծառայում են ծավալուն կեղծիքի և խարդախության հիմքերի վրա մեկնարկած քարոզչական պատերազմի մաս:

Պարզապես անբարոյական է շրջանառության մեջ դնել նման զրպարտչական փաստաթուղթ և որպես քարոզչական գործիք` շահագործել անմեղ երեխայի մահը: Ադրբեջանին, որը հրաժարվում է ինքն իրեն նայել անկեղծ հայացքով, պետք է հիշեցվի, որ 1991-1994թթ. ժամանակաշրջանում Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի դեմ ուղղված ագրեսիայի և պատերազմի հետևանքով Ադրբեջանը լրջորեն աղտոտել է Հայաստանին սահմանակից շրջանները և հակամարտության գոտում գտնվող տարածքներն ականներով, զինամթերքի և պատերազմական պայթուցիկ մնացորդների կուտակումներով: Նրանք շարունակում են մեծապես ներազդել Լեռնային Ղարաբաղի բնակչության սոցիալ-տնտեսական զարգացման և առօրյա կյանքի վրա` հանգեցնելով աշխարհում մեկ շնչին բաժին ընկնող մարդկային դժբախտ պատահարների ամենաբարձր ցուցանիշներից մեկին:

Այսօր Ադրբեջանը շարունակում է լրջորեն խոչընդոտել տարածաշրջանում կարևոր հումանիտար առաքելություն իրականացնող ականազերծման հեղինակավոր HALO Trust բարեգործական կազմակերպության գործունեությանը ` այդ առաքելությունը որակելով որպես ՙանօրինական գործողություններ»,-գրել է Նազարյանը:

Այն փաստը, որ անկախ հետաքննություն չի իրականացվել, և Ադրբեջանը խուսափում է հրադադարի խախտումների առնչությամբ հետաքննչական մեխանիզներ հաստատելուց, բացահայտում է, թե ով է կանգնած այդ խախտումների և կեղծ մեղադրանքների հետևում:

Ես երախտապարտ կլինեմ, եթե Դուք սույն նամակը 2011թ. հուլիսի 1-ից օգոստոսի 1-ն ընկած ժամանակահատվածում տեղի ունեցած հրադադարի խախտման վերաբերյալ կից փաստաթղթի հետ միասին օրակարգի 34, 39, 64, 66 և 75 դրույթների ներքո դնեք շրջանառության մեջ ` որպես Գլխավոր ասամբլեայի և Անվտանգության խորհրդի փաստաթուղթ»,-ասվում է նամակում: