17 օգոստոսի 2011 - 18:41 AMT
«Ժառանգությունն» առաջարկում է խորհրդարանական լսումներ անցկացնել Երևանում կրպակների ապամոնտաժման առիթով

«Ժառանգություն» ընդդիմադիր խմբակցությունը դիմել է հաջորդ շաբաթ Երևանում կրպակների ապամոնտաժման խնդրին նվիրված խորհրդարանական լսումներ անցկացնելու պաշտոնական առաջարկով: Ինչպես հաղորդում է «Ժառանգության» մամլո ծառայությունը, խմբակցությունը դիմել է Ազգային Ժողովի խոսնակ Հովիկ Աբրահամյանին և վեց մշտական խորհրդարանական հանձնաժողովների նախագահներ Հովհաննես Մարգարյանին, Դավիթ Հարությունյանին, Արամ Սաֆարյանին, Հակոբ Հակոբյանին, Վարդան Այվազյանին և Հրայր Կարապետյանին:

Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանի որոշման համաձայն, Երևանի կենտրոնական փողոցներում ապամոնտաժում են այն կրպակները, որոնց պայմանագրի ժամկետը սպառվել է: Կրպակների ապամոնտաժումը մեծ հասարակական արձագանք և դժգոհություն է առաջացրել: Կառավարության նիստի ժամանակ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը կարգադրել է ժամանակավորապես դադարեցնել ապամոնտաժումը, որպեսզի երկրում սոցիալական լարվածություն չստեղծվի, սակայն ապամոնտաժման գործընթացը շարունակվում է: