17 օգոստոսի 2011 - 18:57 AMT
Համահայկական խաղերի կազմկոմիտեն հոկտեմբերին կքննարկի ձմեռային խաղերի անցկացման հնարավորությունը

Համահայկական խաղերի Համաշխարհային կոմիտեի անդամ Հարություն Թամրազյանը PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ կազմկոմիտեի հաջորդ նիստը տեղի կունենա հոկտեմբերին Երևանում: Հանդիպման ժամանակ անդամները կքննարկեն նոր մարզաձևերի ընդգրկման հնարավորությունը:

«Բացի այդ, մենք ցանկանում ենք անցկացնել նաև ձմեռային Համահայկական խաղեր, դրա մասին վերջնական որոշում կկայացվի հոկտեմբերին»,-ասել է Թամրազյանը:

Ըստ Պերճ Հալաջյանի (Եգիպտոս), որը անդամակցում է խաղերի Համաշխարհային կոմիտեին, հինգերորդ խաղերն աչքի են ընկնում իրենց կազմակերպվածությամբ: «Մեզ ուրախացնում է այն փաստը, որ մասնակիցների քանակն ավելացել է, մարզիկները լի են հաղթելու ցանկությամբ, և կարծում եմ, խաղերը գնալով ավելի բարձր մակարդակով կանցնեն»,-ասել է նա:

Օգոստոսի 13-21 Երևանում ընթացող հինգերորդ Համահայկական խաղերին մասնակցում է 3200 մարզիկ 125 քաղաքից: