Արցախի նախագահը շնորհավորել է ղարաբաղյան շինարարներին մասնագիտական տոնի առթիվ

Արցախի նախագահը շնորհավորել է ղարաբաղյան շինարարներին մասնագիտական տոնի առթիվ

PanARMENIAN.Net - Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը օգոստոսի 17-ին Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատում մասնակցել է Շինարարի օրվա կապակցությամբ կազմակերպված տոնական միջոցառմանը: Ինչպես հաղորդում է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը, Բակո Սահակյանը պետական պարգևներ է հանձնել ոլորտի մի խումբ ներկայացուցիչների և հանդես եկել շնորհավորական խոսքով:

Իր խոսքում երկրի ղեկավարը նշել է, որ «մեր ժողովուրդը դարեր ի վեր աչքի է ընկել իր ստեղծարար աշխատանքով, միշտ կառուցել ու շենացրել է հայրենի օջախն ու երկիրը»: Նախագահն ընդգծել է, որ այսօր էլ շինարարության ոլորտը հանդիսանում է հանրապետության կենսագործունեության գերակա ուղղություններից մեկը, և այն, որ Արցախն արդեն իսկ դարձել է բարետես ու բարեկարգ, նաև շինարարների տքնաջան աշխատանքի արդյունքն է:

Նախագահ Սահակյանը միևնույն ժամանակ նշել է, որ անելիքները ոլորտում դեռ շատ են ու բազմաբնույթ: Պետք է ուշադրության կենտրոնում պահել շինարարական աշխատանքների արդյունավետության բարձրացման, որակի և ժամկետների պահպանման հետ կապված խնդիրները: Միջոցառմանը մասնակցում էին Ազգային ժողովի խոսնակ Աշոտ Ղուլյանը, վարչապետ Արա Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---