18 օգոստոսի 2011 - 14:32 AMT
Այն, որ Ալիևը հրաժարվել է մասնակցել ԱՊՀ գագաթաժողովին, դեմարշ է ղարաբաղյան գործընթացում ստեղծված իրավիճակի դեմ

Ղարաբաղյան կարգավորման կայուն գործընթացը մտահոգում է Ադրբեջանի նախագահին, գտնում է Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը: «Այն, որ միջազգային հանրությունը կենտրոնացել է այլ միջազգային խնդիրների վրա, ստիպեց Իլհամ Ալիևին անհամաձայնություն հայտնել ստեղծված իրավիճակի հետ, հենց այդ պատճառով է նա հրաժարվել մասնակցել ԱՊՀ երկրների նախագահների գագաթաժողովին»,-ասել է Իսկանդարյանը մամլո ասուլիսում: Ըստ նրա, Ադրբեջանի նախագահի գործողությունները կարելի է գնահատել որպես յուրատեսակ դեմարշ, որի արդյունքը դեռ դժվար է կանխորոշել:

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը չի մասնակցի սեպտեմբերի 2-3 Տաջիկստանի մայրաքաղաք Դուշանբեում կայանալիք ԱՊՀ երկրների նախագահների գագաթաժողովին: Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, հղում անելով ԱզերԹաջին, այդ մասին հայտնել է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին կապերի բաժնի վարիչ Նովրուզ Մամեդովը: Այս գագաթաժողովում Ադրբեջանը կներկայացնի Ադրբեջանի վարչապետ Արթուր Ռասիզադեն:

Բելառուսի, Ուզբեկստանի և Ուկրաինայի նախագահներից բացի, Հայաստանի, Ռուսաստանի, Ղազախստանի, Ղրղզստանի, Մոլդովայի ու Թուրքմենստանի նախագահներն արդեն հաստատել են իրենց մասնակցությունը գագաթաժողովին: