Թուրքագետ. Ժամանակն է, որպեսզի թուրքական իշխանությունները լրջորեն մտածեն քրդական հարցի լուծման շուրջ

Թուրքագետ. Ժամանակն է, որպեսզի թուրքական իշխանությունները լրջորեն մտածեն քրդական հարցի լուծման շուրջ

PanARMENIAN.Net - Դժվար չէր կանխագուշակել Քրդստանի բանվորական կուսակցության վրա թուրքական իշխանությունների կողմից ճնշման ավելացումը, սակայն չարժե մտահոգվել այն մասին, որ զինված բախումները կվերաճեն ավելի ընդարձակ ռազմական գործողությունների: Նման կարծիք է հայտնել թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում: «Դիմակայության խստացման հիմնական պատճառը թուրքական իշխանությունների դանդաղաշարժությունն ու անվճռականությունն է»,- նշել է նա:

Մելքոնյանի կարծիքով, թուրքական իշխանությունները պետք է լրջորեն մտածեն քրդական հարցի լուծման շուրջ. «Քրդերի և իշխանության փոխհարաբերությունների հետ կապված իրադրությունը չի փոխվի, քանի դեռ հարցը վերջնական լուծում չի ստացել: Նոր բախումների բռնկման վտանգը միշտ լինելու է»:

Թուրքիայի ավիացիան օգոստսի 17-ի երեկոյան ռմբակոծել է Իրաքում տեղակայված քրդական ռազմակայանները: Թուրքական ինքնաթիռները ռմբակոծել են նաև Կանդիլ քաղաքը, որտեղ ենթադրաբար թաքնվում են Քրդական բանվորական կուսակցության առաջնորդները: ՔԲԿ ճամբարների ռմբակոծությանը մասնակցում էին Թուրքիայի ՌՕՈՒ 13 ինքնաթիռներ, որոնք, առնվազն, հինգ թիրախ են խոցել:

Նույն օրն ավելի վաղ թուրքական Հաքքարի քաղաքի Չուքուրջա շրջանում ռազմական մեքենայի երթևեկության ժամանակ ական է պայթել, հաղորդում է «Սաբահ» թերթը: Պատահարի արդյունքում յոթ (այլ տվյալների համաձայն` ութ) զինծառայող է զոհվել, որոնցից մեկը գումարտակի հրամանատար էր: Վիրավորների թիվը հասել է 11-ի: Նրանք մոտակա հիվանդանոց են տեղափոխվել: Պայթյունից բացի տեղի է ունեցել փոխհրաձգություն, որը մոտ երկու ժամ է տևել: Դեպքի վայրում քննչական աշխատանքներ են ընթանում: Ահաբեկչության համար պատասխանատվությունն իր վրա է վերցրել Քրդական բանվորական կուսակցությունը:

Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլն ահաբեկչության կապակցությամբ հանդես է եկել հայտարարությամբ` նշելով, որ ահաբեկչության դեմ պայքարի գործողությունը սկսելու համար Թուրքիայի իշխանությունները չեն սպասելու Ռամադան ամսվա ավարտին: «Պետությունից ուժեղ բան չկա: Նա, ով գտնում է, որ պայթյունների, զենքի և սպանությունների միջոցով կկարողանա ինչ-որ բան ստանալ Թուրքիայի իշխանություններից, չարաչար սխալվում է»,- ասել է Գյուլը:

Օրերս Թուրքիայի իշխող կուսակցության 10-ամյակին նվիրված ճաշկերույթի ժամանակ վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր Ռամազանի ավարտին Քրդստանի աշխատանքային կուսակցության հետ առավել կոշտ պայքար սկսելու մասին: Քրդական «Խաղաղություն և ժողովրդավարություն» կուսակցության ներկայացուցիչ Ասիպ Կապլանը Թուրքիայի վարչապետի հայտարարությունները քրդերի դեմ պայքարը կոշտացնելու մասին համարել է ոչ այլ ինչ, քան ցեղասպանության սպառնալիք: «Էրդողանին մնում է միայն հագուստը փոխարինել զինվորականի համազգեստով երկրորդ Սադամ Հուսեյնը դառնալու համար: Բռնությունից խուսափելու համար մենք պետք է խաղաղ գործընթաց սկսենք, խորհրդարանի միջոցով: Երկխոսությունը կարող է շանս դառնալ օրենսդրական փոփոխությունների ներմուծման համար»,-ասել է Կապլանը:

Ընթացիկ տարվա հուլիսից բախումները իշխանություների ու ՔԱԿ միջև ավելացել են: Արդյունքում Դիարբեքիրում ոչնչացվել է կանոնավոր բանակի 13 խումբ: Տուժածների թվով այդ բախումներն ամենաարյունահեղն էին 2008թ. ի վեր:

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---