19 օգոստոսի 2011 - 12:29 AMT
Դավիթ Հարությունյանը կոչ է անում թաքնված պատճառներ չորոնել կոալիցիա-ՀԱԿ հանդիպման հետաձգման մեջ

Իշխող կաոլիցիայի աշխատանքային խմբի ղեկավար Դավիթ Հարությունյանը կոչ է անում թաքուն պատճառներ չորոնել կոալիցիա-Հայ ազգային կոնգրես (ՀԱԿ) հանդիպման հետաձգման մեջ: Այդ մասին Դավիթ Հարությունյանն ասել է PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում: Ըստ նրա, օգոստոսի 16-ի հանդիպմանը նախնական պայմանավորվածություն էր ձեռք բերվել այսօր՝ օգոստոսի 19-ին, հանդիպելու մասին, սակայն, վերջնական պայմանավորվածությունը պետք է ավելի ուշ կայանար ՀԱԿ պատվիրակության ղեկավար Լևոն Զուրաբյանի հետ: Այսօր նրանք վերջնական պայմանավորվածության են եկել հանդիպումը օգոստսի 23-ին, ժամը 12-ին անցկացնելու մասին: Հարությունյանն ասել է նաև, որ իրենք պայմանավորվել են ՀԱԿ ներկայացուցիչների հետ չմեկնաբանել հանդիպման հետաձգման մանրամասները:

ՀԱԿ-ի ու կոալիցիոն ուժերի ներկայացուցիչների առաջին հանդիպումը տեղի է ունեցել հուլիսի 18-ին: Խմբերն ընդունել են հանդիպումների օրակարգը: Որոշ բարդություններ առաջացան, երբ օգոտոսի 9-ին ոստիկանությունը բռնություն կիրառեց Կոնգրեսի համակիրներ Տիգրան Առաքելյանի և Արտակ Կարապետյանի նկատմամբ: «Երբ միջադեպի վայր հասած Կոնգրեսի համակիրներ Արեգ Գևորգյանը, Սահակ Մուրադյանը, Վահագն Գևորգյանը, Սարգիս Գևորգյանը, Դավիթ Քիրամիջյանը փորձել են հարթել միջադեպը, ոստիկանությունը դաժան բռնություն է կիրառել նաև նրանց նկատմամբ: Նրանք բոլորը բերման են ենթարկվել ոստիկանություն»,-ասվում է ՀԱԿ հաղորդագրության մեջ: Ոստիկանությունն իր հերթին մեղադրում է ՀԱԿ ակտիվիստներին ոստիկանների վրա հարձակվելու մեջ: Ներկայումս Տիգրան Առաքելյանը, Արտակ Կարապետյանը, Սարգիս Գևորգյանը հսկողության տակ են, մնացածներն ազատ են արձակվել:

ՀԱԿ-ը հայտարարեց երկխոսության հնարավոր կասեցման մասին, սակայն հերթական հանդիպման ժամանակ կողմերը հանդես են եկել համատեղ հայտարարությամբ, որտեղ պատրաստակամություն են հայտնել շարունակել սկիզբ առած երկխոսությունը, ինչպես նաև պայմանավորվածություն ձեռք բերել հաջորդ անգամ հանդիպել օգոստոսի 19-ին: