19 օգոստոսի 2011 - 14:25 AMT
Ռուսաստանը հավանություն չի տալիս Բաշար Ասադի հրաժարականի պահանջին

Ռուսաստանը չի սատարել ԱՄՆ և Եվրոպայի երկրների Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հրաժարականի կոչերին, հաղորդում է Ինտերֆաքս գործակալությունը՝ հղում անելով աղբյուրներին ՌԴ ԱԳՆ-ում: «Մենք հավանություն չենք տալիս նման կոչերին, քանի որ պետք է ռեժիմին ժամանակ տալ բարեփոխումներ իրականացնելու համար», հայտնում է գործակալությունը:

Նախօրեին, ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման դիմել էր Բաշար Ասադին՝ կոչ անելով հրաժարական տալ: Նմանատիպ պահանջով հանդես եկան նաև ԵՄ-ն, Ֆրանսիան ու Գերմանիան: «Եվրամիությունը գտնում է, որ Բաշար Ասադը կորցրեց իր լեգիտիմությունը սիրիական ժողովրդի աչքում և պետք է հեռանա իշխանությունից»,-հայտարարել է միջազգային գործերի ու անվտանգության քաղաքականության գծով ԵՄ հանձնակատար Քեթրին Էշթոնը:

Օգոստոսի 18-ին Սիրիայի նախագահ Բաշար Ասադը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունին հայտնել է, որ սիրիական բանակը դադարեցրել է ուժային գործողությունները հակակառավարական ցույցերի մասնակիցների դեմ: Ինչպես հայտնում է ՄԱԿ-ի պաշտոնականա ներկայացուցիչը, Ասադի հետ հեռախոսազրույցում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը պահանջել է, որ «բոլոր ռազմական գործողությունները անհապաղ կասեցվեն»:

Ընթացիկ տարվա մարտից, երբ Սիրիայում սկսվեցին զանգվածային հակակառավարական ցույցերը, անվտանգության ուժերի կողմից հարյուրավոր մարդիկ սպանվեցին: Բողոքների ճնշման համար կիրառվեց ծանր ռազմատեխնիկա և նույնիսկ հրետանի: