19 օգոստոսի 2011 - 14:41 AMT
Ադրբեջանը ներողություն է պահանջում Գերմանիայի օմբուդսմենից

Գերմանիայի մարդու իրավունքների պաշտպան Մարկուս Լենինգի հայտարարությունները Ադրբեջանում մարդու իրավունքների հետ կապված իրավիճակի մասին, ծայրահեղ դժգոհություն են առաջացրել Բաքվում: «Լենինգի արարքը հակասում է բոլոր դիվանագիտական նորմերն»,-ասել է ադրբեջանցի պատգամավոր Այդին Միրզազադեն:

Ինչպես հաղորդում է Salamnews-ը, պատգամավորը գնահատել է օմբուդսմենի գործողությունները որպես «միջամտություն ինքնիշխան պետության ներքին գործերին և աջակցություն կողմերից մեկին իշխանության համար պայքարում»: «Խոսքը կարող է գնալ միայն փորձի փոխանակման մասին: Դիվանագետին ու օտար պետության օմբուդսմենին վայել չէ հանդես գալ ընդդիմության անունից և քննադատել պետության ներքին քաղաքականությունը»,-ասել է պատգամավորը:

Ադրբեջանում մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում առկա իրավիճակը շոկի է ենթարկել Գերմանիայի մարդու իրավունքների պաշտպան Մարկուս Լենինգին, որը Բաքվում էր եռօրյա ճանաչողական այցով:

«Ինձ չհաջողվեց հանդիպել դատապարտված երիտասարդ ակտիվիստ Բահթիյար Հաջիևի հետ: Ավելին, ինձ մերժեցին, քանի որ արդարադատության նախարարությունը հանդիպման համաձայնություն չի տվել»,-ասել է Լենինգը:

«Ես դա գնահատում եմ, որպես կոպիտ խախտում, քանի որ ԵԽ անդամ երկրում նման վերաբերմունքը մեկ այլ երկրի օմբուդսմենի հանդեպ անթույլատրելի է»,-ասել է Լենինգը Բաքվում տված մամլո ասուլիսում:-«Այսօր ամենուր խախտվում են քաղաքացիների իրավունքները: Դեռ Հեյդար Ալիևն էր ասում, որ Ադրբեջանն ընտրել է ժողովրդավարության ճանապարհը, սակայն, ժողովրդավարությունն առաջին հերթին մարդու իրավունքների պաշտպանությունն է: Բոլոր ընտրություններն Ադրբեջանում չեն համապատասխանել միջազգային չափանիշներին»: