19 օգոստոսի 2011 - 14:47 AMT
ՖՈՏՈՇԱՐՔ
«Խղճի և կրոնական ազատությունների մասին» ՀՀ նոր օրենքի նախագիծը դրվել է հանրային քննարկման

ՀՀ արդարադատության նախարարությունը ԵԱՀԿ երևանյան գրասենյակի աջակցությամբ կազմակերպել է հանրային քննարկում «Խղճի և կրոնական ազատությունների մասին» ՀՀ նոր օրենքի և այլ փոխկապակցված նախագծերի վերաբերյալ: Զեկույցով հանդես եկավ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Գրիգոր Մուրադյանը: «Որևէ ազատություն չի կարող լինել բացարձակ: Մյուս կողմից չպետք է փորձենք հարցը լուծել արգելքների միջոցով: Միայն արգելքներով հնարավոր չէ համարժեք պատասխան տալ զարգացող իրավիճակին»,- ասաց Մուրադյանը: Նա նշեց, որ դեմ է տոտալ վերահսկողությանը, բայց գտնում է, որ կրոնական կազմակերպությունների գործունեությունը պետք է լինի բաց:

Գրիգոր Մուրադյանի կարծիքով նախագիծը հաջողված է, և լուրջ քննադատություն Վենետիկի հանձնաժողովի կողմից չի լինի:

Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանը նշեց, որ ինքն անձնապես մտավախություն չունի, թե Հայ Առաքելական եկեղեցու հիմքերը կխարխլվեն. «Այդ ցանկությունը կա, սակայն ոչ մի օրենք չի կարող թուլացնել Հայ Առաքելական եկեղեցու հիմքերը, ու Հայ Առաքելական եկեղեցին հավատացյալ չի կորցնի»: Սրբազանը հավելեց, որ օրենքն ինքնին բացասական չէ, այլ «ցանկությունն ու միտումն» են բացասական:

«20 տարվա ընթացքում իրենց ամբողջ ռեսուրսն օգտագործելով կրոնական կազմակերպությունները չնչին հաջողություններ են գրանցել: Հայ Առաքելական եկեղեցին գործել է այսօրվա պայմաններից շատ ավելի վատ պայմաններում և միշտ հաղթել է գաղափարական պայքարում»,- ասաց Միքայել եպիսկոպոս Աջապահյանը:

Ավետարանական հավատքի ներկայացուցիչ Ռաֆայել Գրիգորյանը կարծում է, որ հոգեորսություն բառի փոխարեն պետք է օգտագործել «ոչ պատշաճ դավանափոխություն» արտահայտությունը:

Հայ Առաքելական եկեղեցու ու Ավետարանական հավատքի ներկայացուցիչները համամիտ էին մի հարցում` հոգեորսությունը չի կարող լինել պատշաճ կամ ոչ պատշաճ: Այն միշտ վատ է ու միշտ քննադատելի:

ՖՈՏՈՇԱՐՔ