19 օգոստոսի 2011 - 14:49 AMT
ՖՈՏՈՇԱՐՔ
Երևանի դպրոցներում ինտերնետ կապի արագությունը հասնում է մինչև 2Մբ/վ

Dasaran.am նախագիծը «աշակերտ-ծնող-ուսուցիչ-դպրոց» կապն ապահովող միջավայր է։ Այս կարծիքն այսօր հայտնեց ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը՝ Dasaran.am նախագծի հիմնադիր Սուրեն Ալոյանի և ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանի հետ եռակողմ համագործակցության համաձայնագրի կնքման ժամանակ։

Dasaran.am նախագծի լիարժեք իրագործման համար կարևոր է դպրոցներում ինտերնետի առկայությունը։ Արմեն Աշոտյանի խոսքով, Երևանի դպրոցները համակարգչային և ինտերնետային հագեցվածությամբ ապահովված են 65%-ով, իսկ մինչև տարեվերջ նախատեսվում է ապահովել մինչև 98% հագեցվածություն։

Ըստ նախարարի, Երևանի դպրոցներում ինտերնետ կապի արագությունը հասնում է մինչև 2Մբ/վ։ Արմեն Աշոտյանը նշեց, որ կրթական հետագա ծրագրերում նախատեսվում է փոխարինել դպրոցների լարային կապը Wi-Fi անլար կապով, որպեսզի յուրաքանչյուր աշակերտ կարողանա իր իսկ համակարգչով մասնակցել դասերին։

«Կա նաև գաղափար ստեղծելու նեթբուքային դասարաններ»,- նշեց Արմեն Աշոտյանը։

Dasaran.am կայքում յուրաքանչյուր աշակերտ, ուսուցիչ և ծնող ունի իր ծածկանունը և ծածկագիրը։ Ուսուցիչները էլեկտրոնային մատյանում տեղադրում են աշակերտների գնահատակնները։ Յուրաքանչյուր ծնող կարող է տեսնել իր երեխայի առաջադիմությունը էլեկտրոնային օրագրում՝ գնահատականները, բացակայությունները, կիսամյակային միջին գնահատականները, դասացուցակը և այլն։ Dasaran.am-ում աշակերտները կարող է նաև գտնել համադասարնցիներին, մասնակցել մի շարք կրթական մրցույթների, օգտվել կայքում առկա կրթական ծրագրերից և խաղերից, ինչպես նաև մանկական հոգեբան ծառայությունից։ Կայքի օգնությամբ կարելի է տեղեկանալ նաև ծնողական ժողովների մասին, տեսնել ուսուցիչների կարծիքը աշակերտների մասին։

Dasaran.am նախագիծը ՎիվաՍել-ՄՏՍ-ի աջակցությամբ գործելու է ամբողջապես անվճար։ Երևանի դպրոցներում հաջող մեկնարկից հետո նախագիծը կմեկնարկի նաև Հայաստանի մարզերի դպրոցներին։

ՖՈՏՈՇԱՐՔ