19 օգոստոսի 2011 - 17:17 AMT
«Չենք լռելուն» սկսել է «Բնություն, թե՞ բիզնես» խորագրով ահազանգների շարքը

«Չենք լռելու» երիտասարդական նախաձեռնությունը սկսում է ահազանգների նոր շարք` «Բնություն, թե՞ բիզնես» ընդհանուր խորագրով:

«Բազմաթիվ փորձագետներ Հայաստանի էկոլոգիական վիճակն ընդհանուր առմամբ անմխիթար են գնահատում: Չնայած համապատասխան ռազմավարության, օրենսդրության և պետական ծրագրերի, մեր երկրում բիզնեսի շահերը, որպես կանոն, գերակշռում են բնության պահպանման բացարձակ արժեքին»,- ասվում է նախաձեռնության տարածած հաղորդագրության մեջ:

Նախօրեին «Չենք լռելու»-ի մի խումբ անդամներ արշավի էին մեկնել դեպի Դիլիջան: Երիտասարդները նկատել են, թե ինչպես են Կիրանցի վանքի շրջակայքում գտնվող անտառից դուրս գալիս փայտով լի բեռնատարներ: Նախաձեռնությունից հայտնում են, որ դրանցից որևէ մեկի վրա պետհամարանիշ չի եղել:

Երիտասարդները հասցրել են լուսանկարել դրանք և ցույց տալ դենդրոլոգի, ով հաստատել է ծառերի առողջ լինելու փաստը: Դա տվյալ դեպքում բացառում է «սանիտարական ծառահատումներ» քողի գործածումը, ինչպես արվում է սովորաբար: Դենդրոլոգը հավելել է նաև, որ Դիլիջանի անտառներում աճող ծառերը, որպես կանոն, օգտագործվում են մանրահատակ պատրաստելու համար: