19 օգոստոսի 2011 - 18:13 AMT
ԱՄՆ-ում որոշել են ուժերը չծախսել ապօրինի ներգաղթյալներին արտաքսելու վրա

Վաշինգտոնը կկասեցնի ապօրինի ներգաղթյալների արտաքսումը, որոնք չեն ենթարկվել քրեական պատասխանատվության: Արտաքսման բոլոր ընթացիկ գործերը կասեցվել են ու վերանայվել: Այդ մասին օգոստոսի 19-ին հայտնել է ABC News-ը՝ հղում անելով նախագահ Օբամայի վարչակազմին:

Նախագահի աշխատակազմի ներկայացուցիչները պարզաբանել են, որ ռացիոնալ չէ ԱՄՆ պաշտոնյաների ուժերը ծախսել «ոչ առաջնային» ապօրնի ներգաղթյալների վրա, ներառյալ զինծառայողների հարազատներին, ինչպես նաև ապօրինաբար ԱՄՆ-ում հայտնված երիտասարդներին իրենց ծնողների հետ այն դեպքում, երբ երկրի տարածքում կարող են լինել ծանր հանցագործություններ կատարած անձիք:

Նոր կանոնները կտարածվեն նաև նրանց վրա, ում հանդեպ արտաքսման գործընթացն արդեն սկսվել էր, սակայն դատավճիռը երկրից արտաքսելու մասին դեռ չէր կայացվել: Ըստ The Washington Times-ի աղբյուրի ԱՄՆ Կոնգրեսում, այդ միջոցները Օբամայի այն ծրագրի մի մասն են կազմում, որի համաձայն համաներման են ենթարկվում ներգաղթի կանոնները խախտած բոլոր օտարերկրացիները:

Վերջին ամիսներին Օբամայի վարչակազմին քննադատում են լատինամերիկացիների իրավունքները խախտելու մեջ: Դա կապված էր, մասնավորապես, վերաբնակների արտաքսման հետ կապված միջոցների խստացման հետ:

Գոյություն ունի ԱՄՆ-ում ներգաղթի համակարգի բարեփոխման մի քանի նախագիծ: Հանրապետականները պնդում են, որ պետք է ներգաղթյալներին հնարավորություն տալ աշխատել ԱՄՆ-ում, իսկ հետո վերադառնալ հայրենիք: Ըստ դեմոկրատների, ԱՄՆ-ում պետք է օրինականացնել 11 մլն ապօրինի ներգաղթյալներին, հնարավորություն տալով նրանց քաղաքացիություն ստանալ, հաղորդում է Լենտա.ռու-ն: