20 օգոստոսի 2011 - 13:31 AMT
ԿԱՐԾԻՔ
Ի՞նչ էինք անում, երբ Facebook չկար

Սոցիալական ցացները վերջին մի քանի տարում հայաստանցիներին նույնպես «առան իրենց գիրկը»։ Երբ ինտերնետը սկսեց տարածվել Հայաստանում, հայ երիտասարդները mIRC, Hayastan և նման չաթերից տեղափոխվեցին «Համադասարանցիների» (odnoklassniki) «հանրապետություն»: Դե իսկ հիմա ոսկի երիտասարդությունը սկսել է «արտագաղթել» Facebook:

Facebook-ի պաշտոնական վիճակագրությունը կազմող socialbaker.com կայքն ամեն վայրկյան հետևում է աշխարհի բոլոր երկրներում օգտագործողների քանակի ավելացմանն ու նվազմանը։ Հայաստանը գտնվում է 117-րդ հորիզոնականում 195 380 օգտագործողով։ Իսկ ընդամենը 3 տարի առաջ Facebook-ում հատուկենտ կարելի էր գտնել հայ օգտագործողի։ Իսկ ով կար, գրանցվում էր արտասահմանցի ընկերների հետ կապը պաշտպանելու համար։

Սոցիալական ցանցերի գոյությունն ունի մի քանի դրական կողմ։ Դրանք հիանալի տեղեկատվության աղբյուր են, ապահովում են հսկայածավալ տեղեկատվական հոսք։ 2-րդ դրական հատկանիշը, իհարկե, ընկերների հետ շփումն է։ Եվ 3-րդը՝ օնլայն մարքեթինգի հիանալի գործիք։ Սակայն, ցավոք, բացասական կողմերը շատ են։

Facebook-ի պես սոցիալական ցանցերը զոմբիացնում են մարդկանց և չափազանց շատ թափանցիկ դարձնում նրանց առօրյան՝ սկսած թե ինչ անձնական հարաբերությունների մեջ են, ինչ հոգեկան վիճակում են գտնվում՝ մինչև իրենց գտնվելու վայրը։

Հարց է առաջանում. արդյո՞ք չի վտանգվում ձեր անձնական կյանքի գաղտնիության իրավունքը, արդյո՞ք ձեր ժամանակը ճիշտ եք կառավարում և ի վերջո՝ ի՞նչ էիք անում, երբ Facebook չկար։

Լուսինե Պառավյան / PanARMENIAN News