20 օգոստոսի 2011 - 13:38 AMT
«Դիլիջան» ազգային պարկում վստահեցնում են, որ «Լեռնային Հայաստանից» բացի, այլ օբյեկտներ ռեկրեացիոն գոտում չկան

«Մյուս հողամասերը կառուցապատված չեն, թեև անժամկետ վարձակալության են տրված»,-ասել է Աշոտ Դավթյանը ՀՀ բնապահպանության նախարարությունն ի դեմս «Դիլիջան» ազգային պարկի ղեկավար Աշոտ Դավթյանի արձագանքել է «Էկոլուրի» հրապարակային հայտարարությանն այն մասին, որ «Դիլիջանում» ապօրինի օբյեկտներ են կառուցվում, որի համար կատարվում են անտառահատումներ, և որ ազգային պարկի տարածքը մասնատվել է ու փաստորեն վաճառվել: Ինչպես հայտարարել է Դավթյանը, ազգային պարկի 33 765 հա տարածքից, պարկը տնօրինում է 28 000 հա: «Մյուս հողերը համայնքների ենթակայության տակ են: «Ռեկրեացիոն գոտին զբաղեցնում է 4 194 հա: Այդ տարածքում կա հողամասերի 46 սեփականատեր, որոնք, ընդհանուր առմամբ, զբաղեցնում են 47 հա: Եվս 67 հա հատկացվել է Դիլիջանի միջազգային դպրոցի կառուցման համար: «Լեռնային Հայաստանից» բացի, մյուս հողամասերը կառուցապատված չեն, թեև անժամկետ վարձակալության են տրված»,-ասել է նա: Ըստ նրա, բուն ռեկրեացիոն գոտին գրեթե կառուցապատված չէ: Ինչ վերաբերում է կառուցապատված հատվածներին, ապա դրանք, ըստ Դավթյանի, գտնվում են համայնքների տարածքում, և դրանց օրինական կամ անօրինական լինելու պատասխանատվությունը կրում են համայնքները:

Սակայն, պետք է նշել, որ ռեկրեացիոն գոտուց և արգելոցի տարածքից բացի, որոնք զբաղեցնում են պարկի տարածքի 10 տոկոսը, ազգային պարկի մյուս մասը տնտեսական նշանակության գոտի է: Այդ գոտում են գտնվում համայնքները և անտառը, որը կարող է օգտագործվել տնտեսական նպատակների, օրինակ, ծառահատումների, համար: Անտառային ֆոնդի մեջ են մտնում նաև ցանքատարածությունները, արոտավայրերը, հաղորդում է «Էկոլուրը»: