3 մայիսի 2003 - 21:20 AMT
ԳԵՐՄԱՆԱՑԻ ԻՐԱԲԱՆԸ ՊԱՏՐԱՍՏ Է ՕԳՆԵԼ ՖԱՇԻՍՏԱԿԱՆ ՀԱՄԱԿԵՆՏՐՈՆԱՑՄԱՆ ՃԱՄԲԱՐՆԵՐՈՒՄ ՆԱԽԿԻՆ ՀԱՅ ԿԱԼԱՆԱՎՈՐՆԵՐԻՆ ՓՈԽՀԱՏՈՒՑՈՒՄ ՍՏԱՆԱԼՈՒ ԳՈՐԾՈՒՄ
Գերմանացի իրավաբան Ստեֆան Թաշջյանը մտադիր է օգնել փոխհատուցում ստանալու Երկրորդ համաշխարհային պատերազմում ֆաշիստական համակենտրոնացման ճամբարներում կալանավոր եղած 2 հազար հայի: Ինչպես հայտնի է, երկամյա բանակցություններից հետո 2000 թվականին Գերմանիայի կառավարությունը օրենք է ստորագրել համակենտրոնացման ճամբարների նախկին աշխատողներին «Հիշողություն, Պատասխանատվություն, Ապագա» հիմնադրամի միջոցով փոխհատուցում տրամադրելու շուրջ: Ինչպես տեղեկացնում է «EurasiaNet»-ը, հաղորդում է «Արմինֆո» գործակալությունը, այդ օրվանից ի վեր, Ս. Թաշջյանը պարբերաբար Բեռլինից ժամանել է Երեւան, հանդիպումներ ունեցել համապատասխան կազմակերպությունների ներկայացուցիչների հետ` ներկայացնելով հետո նախկին հայ կալանավորների շահերը Բեռլինում: Հայաստան կատարած նրա վերջին այցի ընթացքում, իրավաբանը հանդիպել էր Պատերազմի հայ վետերանների միության նախագահի հետ` որոշելով օգնել նրանց օգտվելու Գերմանիայի կառավարության ստորագրած փոխհատուցման տրամադրման մասին օրենքից: Գերմանական ճամբարներում կալանավոր եղած անձանց որոնման հիմնական աղբյուրները Պետանվտանգության կոմիտեի, Գերմանիայի կառավարության եւ Կարմիր խաչի գերմանական բաժանմունքի արխիվներն են, ինչպես նաեւ այն ընկերությունների արխիվները, որոնք ժամանակին օգտագործում էին այդ մարդկանց աշխատանքը: Սկզբում Թաշջյանի գործունեությանը խոչընդոտում էր Գերմանիայի կառավարությունը, սակայն այժմ այն հարգանքով է վերաբերվում նրա աշխատանքին: Իրավաբանի խոսքերով` եթե հիմնվենք միայն իրավաբանական փաստերի վրա, ապա փոխհատուցումների ողջ ծավալը ստանալու շանսերն այնքան էլ մեծ չեն: Հայաստան կատարած իր վերջին ուղեւորության ընթացքում Թաշջյանը շուրջ 200 եվրո է վճարել գերմանական համակենտրոնացման ճամբարների նախկին կալանավորներին: Գերմանացի իրավաբանը հույս է հայտնել, որ հինգ ընտանիք շուտով փոխհատուցում կստանա 8000 եվրո գումարի չափով: