20 օգոստոսի 2011 - 17:27 AMT
ԿԱՐԾԻՔ
Երևանյան իշխանությունների մոտ ազատ տարածությունից վախ է զարգանում

Վերջերս հայկական իշխանությունների ձգտումը` արդարացնելու հայ ժողովրդին ժամանակին տրված «շինարար ժողովրդի» անունը հատում է բոլոր խելամիտ սահմանները: Գործընթացում ֆիքս-գաղափար է ծագում` մինչև վերջին քառակուսի մետրը կառուցապատել Երևանը, կենտրոնում չթողնել ոչ մի ազատ տարածություն: Այդ գաղափարը կյանքի կոչելու ճանապարհին ժամանակային առումով վերջին քայլը դարձավ կառավարության կողմից Երևանի հենց սրտում` մետրոպոլիտենի «Հանրապետության հրապարակ» կայարանի հարևանությամբ նոր հյուրանոցային համալիրի կառուցմանը հավանություն տալը: Կայարանի մուտքի դիմաց գտնվող ոչ մեծ հրապարակում պատրաստվում են 7-8 հարկանի շենք կառուցել, որը բոլորովին «թթվածնից կզրկի» Նալբանդյան փողոցի այդ հատվածը: Բայց այդ ամենը կարևոր չէ, չէ որ հյուրանոցը պետք է լինի միջազգային դասի (չորս աստղանիից ոչ պակաս): Ըստ երևույթին, պարբերական վիբրացիան (մոտ 5 րոպեն մեկ) շենքի տակով անցնող մետրոյի գնացքից նույնպես համապատասխանում է նույն այդ «միջազգային դասին»:

Ընդ որում, պարզվել է, որ բավական փոքր տարածքում հսկայական շենք կառուցելու որոշումը «թելադրված է Երևան քաղաքում 2011-2014 թթ. ներդրումային ծրագրեր իրականացնելու անհրաժեշտությամբ»: Թե ինչ է նշանակում այդ նախադասությունը, մնում է միայն գուշակել: Բայց ինչո՞ւ այդ «անհրաժեշտությունը» թույլ չի տալիս նույն այդ հյուրանոցը կառուցել այլ վայրում, այլ ոչ թե բառացիորեն խցկել այն քաղաքի ամենակենտրոնական մասում: Ո՞ւմ «ներդրումային ծրագրերի» մասին է գնում խոսքը, և ո՞վ ունի համոզելու նման ընդունակություն, որ կառավարությունը համաձայնել է հերթական անգամ այլանդակել Երևանի դեմքը: Շենքի ապագա սեփականատեր, Tashir Group ռուսական հոլդինգի նախագահ Սամվել Կարապետյա՞նը, որը հատուկ հյուրանոցային համալիրի շինարարության համար Երևանի քաղաքապետարանի հետ պայմանագրի հիման վրա ստեղծել է «ՍԱՄԿԱՐ ՊԼԱԶԱ» ՓԲԸ-ն` փաստացիորեն ինքն իրեն պատվիրելով հյուրանոցի շինարարությունը:

Առավել ևս, որ Երևանի փոքր կենտրոնին գրեթե մեկ տասնյակ բավական խոշոր հյուրանոցներ են բաժին ընկնում: Ինչո՞ւ է պետք բոլոր նորակառույցները խցկել հայկական մայրաքաղաքի ամենակենտրոնական մասում, երբ, հակառակը, կարելի է այն ընդլայնել, փառք Աստծո, դրա համար տեղը բավականաչափ է: Արդյո՞ք կենտրոնից հեռու գտնվող թաղամասերում հարիր չէ աշխատել (բնակվել, հանգստանալ): Ինչո՞ւ ոչնչացնել կանաչ տարածությունները զուտ նոր բազմահարկեր կառուցելու նպատակով: Քաղաքը կգոյատևի առանց կանաչ տարածությունների, բայց ոչ` առանց հերթական ահռելի շենքի՞, որը կլորիկ եկամուտ է բերելու սեփականատիրոջը:

Երևանի մոլի կենտրոնացումը կհանգեցնի միայն մի բանի. N տարի անց Երևանը կվերածվի արևից այրված քարե անապատի` հպարտ վեր խոյացող անթիվ հյուրանոցներով և բազմահարկերով: Իսկ երևանյան իշխանությունները հանգիստ շունչ կքաշեն. կենտրոնում այլևս չեն լինի այդքան ատելի ազատ տարածություններ:

Մարինա Անանիկյան / PanARMENIAN News