20 օգոստոսի 2011 - 18:20 AMT
Հայաստանի վարչապետը բացեց «Բազե 2011» երիտասարդական հավաքը

Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը մասնակցել է «Բազե 2011» համահայկական երիտասարդական հավաքի բացման հանդիսավոր արարողությանը, հավաքը տեղի կունենա օգոստոսի 20-ից 24-ը: Վարչապետն ընդգծել է, որ Հայաստանի կառավարությունը մեծապես կարևորում է նման միջոցառումները, քանի որ դրանք ծառայում են երիտասարդության հայրենասիրական դաստիարակության գործին: Նա նշել է նաև, որ այս տարի նշվում է Հայաստանի անկախության հռչակման 20-ամյակը, և խորհրդանշական է, որ հավաքի բազմաթիվ մասնակիցներ հենց 20 տարեկան են:

Հայաստանի Երիտասարդական հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդի համակարգող, Ազգային Ժողովի պատգամավոր Կարեն Ավագյանն իր հերթին լրագրողների հետ զրույցում ընդգծել է, որ «Բազե» երիտասարդական հավաքի միակ նպատակը հայ երիտասարդության միավորումն է: Նա նշել է նաև, որ հավաքին մասնակցում են ավելի քան 350 երիտասարդներ, որոնք ներկայացնում են Հայաստանը, Արցախը, Ջավախքն ու Սփյուռքը, տարբեր քաղաքական կուսակցություններ, պետական և ոչ պետական բուհեր, հասարակական կազմակերպություններ, ինչպես նաև Հայաստանի ազգային փոքրամասնություններ: Ինչ վերաբերում է հավաքին ընդդիմադիր կուսակցությունների և շարժումների մասնակցությանը, ապա, Ավագյանի խոսքով, նրանց ուղարկվել էին հրավերներ, սակայն նրանք հրաժարվել են: «Հավանաբար դրանում ինչ-որ քաղաքական ենթատեքստ են տեսել»,- ենթադրել է Ավագյանը` ընդգծելով, որ «Բազե»-ն ոչ մի քաղաքական նպատակ չի հետապնդում: