20 օգոստոսի 2011 - 18:30 AMT
Համահայկական խաղեր. Ֆուտզալի եզրափակչում կմրցեն Երևանի և Նեկլինովկայի թիմերը

Օգոստոսի 20-ին Ռուս-Հայկական (Սլավոնական) Համալսարանի մարզադահլիճում կայացավ հինգերորդ Համահայկական խաղերի կիսաեզրափակիչ հանդիպումը Երևանի և Բուենոս-Այրեսի թիմերի միջև: Խաղն ընթացավ շատ լարված պայքարով: Առաջին խաղակեսում, չնայած երկու թիմերի ջանքերին, հանդիպման հաշիվն այդպես էլ չբացվեց: Ընդմիջումից հետո երևանցիներին հաջողվեց իրացնել առաջին, ապա նաև` երկրորդ գոլը: Սակայն արգենտինացիները բազմաթիվ երկրպագուների աջակցությամբ կարողացան հավաքվել և կրճատել խաղի հաշիվը` 2:1: Նշանակված 11-մետրանոց հարվածը հաջող իրացրեց Երևանի դարպասապահ Հարություն Հարությունյանը և իր թիմին հաղթանակ բերեց 3:1 հաշվով:

Եզրափակչում Երևանն իր ուժերը կչափի Նեկլինովկայի հետ, որը «Գրանդ սպորտ» մարզադահլիճում 5:4 հաշվով պարտության մատնեց Թեհրանին: Թեհրանի և Բուենոս-Այրեսի պայքարը 3-րդ տեղի համար կկայանա Ֆուտբոլի ակադեմիայում օգոստոսի 21-ին` երևանյան ժամանակով 12:00-ին, իսկ Երևան-Նեկլինովկա եզրափակիչը նշանակված է 14:00-ին: