22 օգոստոսի 2011 - 13:18 AMT
ՀԿԵ-ի կողմից ձևավորված ուսանողական ջոկատը վերադարձել է Սոչիի օլիմպիական օբյեկտների շինարարությունից

«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի կողմից ձևավորված և Հայաստանը ներկայացող ուսանողական ջոկատը այսօր վերադարձել է Սոչիից, որտեղ մասնակցում էր «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի օլիմպիական օբյեկտների շինարարությանը: Ջոկատը ձևավորված էր Ռուս-Հայկական (Սլավոնական) համալսարանի հիմքի վրա: Համալսարանի 10 ուսանողները և ջոկատի ղեկավարը մեկնել էին Սոչի հունիսի 27-ին:

Հայ ուսանողները՝ Ռուսաստանի, Բեկառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Լատվիայի, Լիտվայի և Էստոնիայի հասակակիցների հետ աշխատում էին օլիմպիական գլխավոր տրանսպորտային մայրուղու՝ Ադլեր – «Ալպիկա Սերվիս» լեռնակլիմայական առողջարան համակցված ավտոմոբիլային և երկաթուղային ճանապարհի շինարարությանը:

Ուսանողները մասնակցեցին նաև ֆուտբոլի, վոլեյբոլի, բասկետբոլի և շախմատի առաջնություններին, ստեղծագործական մրցույթներին և փառատոնին:

Հայկական խմբի ճանապարհային ծախսերը իր վրա էր վերցրել ՀԿԵ-ն, իսկ Սոչիում ապրելու ծախսերը` «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ն:

ՀԿԵ-ն մեծ ուշադրություն է դարձնում մասնագետների պատրաստման գործում հայկական բուհերի հետ համագործակցությանը: Մասնավորապես, ՀԿԵ-ն արդեն կազմավորել է ուղեկցորդների ուսանողական խմբեր: Ամառային արձակուրդների ժամանակ ուսանողները որպես ուղեկցորդներ կաշխատեն «Հայաստան» ֆիրմային գնացքում:

Ամառային աշխատանքը ընկերությունում մեծ հեռանկարներ է բացում ուսանողների համար՝ լավագույները կարող են աշխատանքի անցնել ՀԿԵ-ում, հաղորդում է ընկերության մամլո ծառայությունը: