22 օգոստոսի 2011 - 19:01 AMT
Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից արձագանքել են

Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից արձագանքել են Հայաստանի արդարադատության խորհրդի կարգապահական հանձնաժողովի այսօր տարածած հայտարարությանը` նշելով, որ ՄԻՊ-ը և իրավագիտակցությամբ օժտված հասարակությունը կսպասեն Արդարադատության խորհրդի կարգապահական հանձնաժողովի «արդար որոշմանը»:

«Գոնե այս որոշումը կայացնելիս, հուսով ենք, նրանց կհաջողվի դրսևորել միջազգային փաստաթղթերի, ՀՀ Սահմանադրության և օրենքների` իրենց իմացությունը»,- ասվում է հայտարարության մեջ:

Օգոստոսի 18-ին ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանը կարգապահական պատասխանատվության ենթարկելու 3 հաղորդում էր ներկայացրել ՀՀ արդարադատության խորհրդին, քանի որ պաշտպանի գնահատմամբ, դատավորներ Երեմ Եսոյանը, Մասիս Ռեհանյանը և Յուրիկ Իսկոյանը վերջին մեկ տարվա ընթացքում թույլ են տվել օրենքի նորմերի ակնհայտ և կոպիտ խախտումներ: Ի պատասխան օգոստոսի 19-ին ՀՀ արդարադատության խորհրդի կարգապահական հանձնաժողովը հայտարարել էր, որ Մարդու իրավունքների պաշտպանը խախտել է կարգապահական վարույթի գաղտնիությունը, նշել, որ դատավորների գործողություններին նախապես հրապարակավ գնահատականներ տալը դատարանի անկախության տեսանկյունից անթույլատրելի է, խոչընդոտում է դատավորների կողմից իրենց պրոֆեսիոնալ պարտականությունների կատարմանը: Մարդու իրավունքների պաշտպանն այսօր ավելի վաղ հանդես էր եկել հայտարարությամբ` նշելով, որ իր կողմից կարգապահական վարույթի գաղտնիության խախտում չի եղել, որից հետո Արդարադատության խորհրդի կարգապահական հանձնաժողովը ՄԻՊ-ին խորհուրդ էր տվել գործել իր լիազորությունների շրջանակներում: